03/05/2016 17:28
Պետք է հետամուտ լինել Ադրբեջանի դեմ քրեական գործերի հարուցմանը. Ալավերդյան
Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունները պետք է առավել ակտիվ արձագանքեն Ադրբեջանի՝ ղարաբաղյան հակամարտության գոտում կատարած վայրագություններին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց “Ընդդեմ իրավական կամայականության” հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
«Ինձ փոքր-ինչ զարմացնում է այդ կազմակերպությունների պասիվությունը», - ասաց Լ.Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանում պարգևատրվեց հերթական մարդասպանը՝ հայ զինծառայող, շարքային Քյարամ Սլոյանին գլխատած զինվորականը:
«Երբ ասում էինք, որ Ադրբեջանը թույլ է տվել վայրագություններ, այն է՝ գլուխ կտրել, զինծառայողներին խոշտանգումների ենթարկել, մասնատել նրանց մարմինները, դրանց պետք է հաջորդեր քրեական գործերի հարուցումը, բայց մենք երեկ ականատեսը եղանք հերթական հերոսացման: Տպավորություն է, որ բոլորը բավարարված են միայն այդ հայտարարություններով»,- ընդգծեց Լ.Ալավերդյանը:
Նրա խոսքով, այդ քրեական գերծերը պետք է հարուցվեին առաջին հերթին այն երկրներում, որոնց անդամակցում են Հայաստանն ու Ադրբեջանը:
«Սովորաբար, նման դեպքերում բոլոր նորմալ երկրներում քրեական գործերն արագ են հարուցվում: Ի դեպ՝ քրեական գործեր պետք է հարուցվեին նաև Ադրբեջանում»,- հավելեց իրավապաշտպանը:
Լ.Ալավերդյանի խոսքով՝ ելնելով մարդասիրական իրավունքի սկզբունքից, միջազգային իրավունքի նորմերից, այդպիսի գործերի հարուցումն ուղղակի անհրաժեշտություն է:
«Ադրբեջանի որդեգրած վարքագիծը, որը տեսանելի է եղել նաև ոչ վաղ անցյալում, Հայաստանի համար անակնակալ չպետք է լիներ: Հետևաբար, ես առավել քան համոզված եմ, որ պետք է ակտիվանան ոչ միայն Արցախի և Հայաստանի իշխանությունները, այլև բոլորը, այդ թվում՝ հասարակական այն կազմակերպությունները, որոնք որևէ կերպ առնչվում են միջազգային կազմակերպությունների հետ: Նրանք պարտավոր էին դիմել միջազգային կազմակերպություններին և ներկայացնեին ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր հետևանքները: Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի այդ կազմակերպությունները հետամուտ լինեն քրեական գործերի հարուցմանը, քանի դեռ ուշ չէ»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով, այդ գործում պետք է ավելի լայն շրջանակներ ընդգրկվեն, որպեսզի Հայաստանի տեսակետն ավելի ամբոջղական ներկայացնեն միջազգային բոլոր կառույցներին:
«Կա մի տարօրինակ պատկերացում, որ եթե դա տարածվել է մամուլով, ապա բոլորին հայտնի է, բայց դա այդպես չէ: Միայն մամուլով տարածելը բավարար աշխատանք չէ, հետևաբար բոլոր հասարակական կառույցները պետք է լծվեն այդ գործին և միջազգային կառույցերին ամենայն մանրամասնությամբ ներկայացնեն այդ բոլոր վայրագությունները: Ես ուղղակի հորդորում եմ բոլոր ՀԿ-ներին ավելի ակտիվ լինել և ուշադրություն դարձնել մասնավորապես Ադրբեջանի որդեգրած վարվելաձևին ու կեցվածքին, որը վտանգում է ոչ միայն հայության և տարածաշրջանի անվտանգությունն, այլև քաղաքակիրթ մարդկության ճակատագիրը», - հայտարարեց Լ.Ալավերդյանը: