03/05/2016 10:00
ԼՂՀ-ում սահմանադրական փոփոխությունների գործընթացը երկու ամսով հետաձգվել է
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները երկու ամսով հետաձգել են սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը Արցախի նախագահ Բակո Սահակյանին պետք է ներկայացվեր մայիսի 1-ին, իսկ մինչև սեպտեմբերի 1-ն արդեն պետք է պատրաստ լիներ փոփոխությունների նախագիծը: Սակայն ապրիլի 2-ին Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ԼՂՀ իշխանությունները որոշել են հետաձգել ողջ գործընթացը. գրել է «Հայկական ժամանակը»:
Նախագծի մշակման հանձնաժողովի անդամ, ԼՂՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, թերթի հետ հեռախոսազրույցում հայտնել է, թե սահմանադրական փոփոխություններն այլևս այսօրվա խնդիր չէ:
Թերթի հարցին՝ հնարավո՞ր է՝ ԼՂՀ իշխանություններն ընդհանրապես հրաժարվեն Սահմանադրությունը փոփոխության ենթարկելու մտքից ու գտնեն, որ պատերազմական այս իրավիճակում ավելի լավ է պահպանել գործող կառավարման կարգը, Ջիվանյանը պատասխանել է.
«Հիմա այդ հարցին անդրադառնալու ժամանակը չէ: Հայտնի չէ, թե երբ, բայց դրան հետո կանդրադառնանք: Հիմա դա արդեն երկրորդական հարց է մեզ համար»,- ասել է Հովիկ Ջիվանյանը: