03/05/2016 11:46
Մանասերյան. Թուրքական ապրանքից հրաժարվելը ՀՀ համար տնտեսապես շահութաբեր կլինի
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնը թուրքական մի շարք ապրանքների ներմուծումից հրաժարվելու ճանապարհային քարտեզ է մշակել, Aysor.am-ի թղթակցին ասել է կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Այդ ծրագրով Հայաստանի Հանրապետությունը կկարողանա հրաժարվել մի շարք թուրքական ապրանքներից: Ծրագրի ընդհանուր դրույթները մենք քննարկել ենք կառավարության հետ ու եթե կարիք լինի, պատրաստ ենք աջակցել, որ այն նաև պետական ծրագրի տեսք ստանա»,- ասաց Թ.Մանասերյանը:
Նրա խոսքով՝ թուրքական ապրանքներից հրաժարվելու ճանապարհային քարտեզը, մասնավորապես, վերաբերում է առաջին անհրաժեշտության 10 ապրանքային խմբերին՝ հացաբուլկեղեն, կարտոֆիլ, շաքարավազ, ձեթ, յուղ և այլն:
«Հայաստանն այս 10 ապրանքային խմբերից 7-ի դեպքում կարող է ինքնաբավ լինել: Եթե մասնավորեցնենք, օրինակ, միրգ-բանջարեղենի դեպքում պետք է հնարավորություն տալ տեղական արտադրողին: Պետք է օգտագործենք մեր գյուղատնտեսության զարգացման հնարավորությունները: Պետությունը գյուղատնտեսի առաջ պետք է պայման դնի՝ եթե տվյալ միրգը կամ բանջարեղենը մշակելիս լուծվում է ոչ միայն անձնական անհրաժեշտության, այլև՝ երկրի պարենային անվտանգության հարց, կլինի նաև ավելի նպատակային սուբսիդավորում», - նշեց Թ.Մանասերյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի համար դա շահութաբեր կլինի նաև տնտեսապես:
«Ցավում եմ, որ ուշքի ենք գալիս միայն այս պահին: Իրականում ծրագրի իրականցումը մեզ համար ավելի հասանելի ու իրական էր շատ ավելի վաղ: Կան մի շարք շուկաներ, որոնցում կարող ենք փոխարինել Թուրքիային, օրինակ, տեքստիլ արդյունաբերությունը: Ընդ որում հիմա էլ մենք արտահանում ենք այս շուկայի որոշ արտադրանք, այսինքն՝ այն մրցունակ է: Ընդամենը պետք է լինի պետական մոտեցում»,- ասաց տնտեսագետը:
Թաթուլ Մանասերյանը չկիսեց այն կարծիքը, թե նույնիսկ այս շուկաներում Հայաստանը վերջնական արտադրանք ստանալու համար հումք է ներմուծում Թուրքիայից:
«Նման բան չկա: Հենց նույն Թուրքիան տեքստիլ արդյունաբերության համար հումքը ստանում է Հնդկաստանից: Պետք է հաշվի առնենք, որ թուրքական ապրանքների գերակշիռ մասը բնավ էլ «մաքուր» թուրքական չեն ու արտադրվում են հումքի ներկրումով: Նույն հաջողությամբ Հայաստանը ևս կարող է զարգացնել իր կապերը», - ընդգծեց Թ. Մանասերյանը:
Նշենք, որ առաջիկայում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկելու է թուրքական արտադրանքը Հայաստան ներկրելու բարդացման հարցը: