03/05/2016 15:51
«Լեզվաբանական համալսարանից ապօրինաբար ուսանողուհի են հեռացրել»
Երևանի Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանից անօրինական հեռացրել են երրորդ կուրսի ուսանողուհի Լիաննա Դավթյանին: Այս մասին, այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ուսանողուհու մայրը՝ Մարգարիտա Դավթյանը:
Նա նշեց, որ Լիաննա Դավթյանը 2016 թվականի մարտի 20-ին մեկնել է երկրից, սակայն մինչ մեկնումը համալսարանից տվել են համապատասխան փաստաթուղթ, համաձայն որի՝ ուսանողուհին կարող է բացակայել դասերից, բայց ինչպես պարզվել է հատագայում, աղջկան հեռացրել են բուհից:
«Ինչպես կարգն է Լիանա Արայի Դավթյանը, իր մոտ ծագած հարցով դիմել է դեկանատ: Ամբիոնի վարիչ բ.գ.թ. դոցենտ Ն. Մանուկյանը և դեկան Մադոյանի լիազորված անձ՝ Բաբայանը, այնուհետև դեկան Ի. Մադոյանը, ի սկզբանե տեղյակ են եղել, որ իրենց համալսարանը համագործակցության պայմանագիր չունի Մարսելի ԺԱՖ կազմակերպության հետ, բայց դա խնդիր չհանդիսացավ, որպեսզի Լիանան մեկնի:
Համալսարանն, ի դեմս այդ մարդկանց, տվել է համապատասխան տեղեկանք, ըստ որի՝ Լիանա Դավթյանը, ով սովորում է բուհի երրորդ կուրսում, երկրորդ կիսամյակի քննությունները կարող է հանձնել սեպտեմբերի առաջին երկու շաբաթվա ընթացքում: Սակայն այդ կազմակերպության հետ կապված կամ ռեկտոր Գայանե Գասպարյանի անունով դիմում գրելու վերաբերյալ ոչ մի զգուշացում չի եղել»,- պատմեց Մ. Դավթյանը՝ հավելելով, որ այդ մասին ինքն իմացել է միայն Լիաննայի մեկնելուց հետո:
Մ. Դավթյանն ընդգծեց, որ Լիանայի մեկնումից հետո ինքը հրավիրվել է համալսարան, որտեղ պարտադրել են գրել նաև դիմում: «Լիանայի մեկնելուց հետո ինձ զանգահարեցին և ներկայանալով համալսարանի աշխատակից՝ շատ գռեհիկ տոնով ասաեցին, որ մոտենամ ոմն Սահակյանի, ով հետագայում պարզվեց, որ այս թեմայից առհասարակ տեղյակ չէ, ավելին՝ նման հրահանգ չէր տվել: Հանդիպելով պռորեկտորին և դեկանին՝ տեղեկացել եմ, որ երեխայիս տրված տեղեկանքը լրացված է եղել ներքին կանոնակարգի խախտումներով, իսկ իրենց հավանաբար ոչ եզակի սխալը կոծկելու համար, ինձ առաջարկեցին աղջկաս անունից հեռացման դիմում գրել»,- մանրամասնեց նա:
Մ. Դավթյանի խոսքով՝ հենց այդ ժամանակ զգուշացրել են, որ հակառակ դեպքում աղջիկը կհեռացվի: «Փաստացի, մեզ տրվել է իրավաբանական ուժ ունեցող տեղեկանք՝ կնիքով, ստորագրությամբ, որն ընդունել է նաև դեսպանատունը: Իսկ մեզ նույնիսկ տեղյակ չեն պահել, որ տվյալ տեղեկանքը լրացման այլ կարգ ունի, մեզ նույնիսկ չեն ուղղորդել: Հենց այս անհեթեթ առաջարկի և սպառնալիքի հիման վրա ես գրավոր դիմեցի նաև ՀՀ ԿԳՆ, բայց մինչ օրս գրավոր որևէ պատասխան չունեմ ոչ նախարարությունից, ոչ էլ համալսարանից»,- ասաց նա:
Մ. Դավթյանը տեղեկացրեց նաև, որ փորձել է այդ կապակությամբ պարզաբանումներ ստանալ ուսւմնական հաստատությունից, որտեղից, սակայն, արդեն տեղեկացրել են, որ ուսանողուհին երկու շաբաթ առաջ արդեն հեռացվել է:
«Հեռացման թեմայով որևէ տեսակի ծանուցում, որում պետք է զետեղված լիներ նաև հիմնավորումները, չենք ստացել: Այդ իսկ պատճառով հայտարարում եմ, որ հեռացումն անօրինական է: Մենք պատրաստվում ենք դատական կարգով պահանջել վերականգնել աղջկաս կրթության ընթացքի անխափանությունը: Մենք կայքերից մեկում նույնիսկ տեղեկացանք, թե իբր հեռացման հիմնավորում է եղել երկրորդ կիսամյակի չվճարված վարձը, բայց դա լուրջ հիմք կամ պատճառ լինել չի կարող: Սա ակնհայտ խաբեություն է և զրպարտանք մեր հասցեին»,- եզրափակեց նա: