03/05/2016 16:04
Դվին հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել 2019 թվականին
Կառավարությունն առաջիկա նիստում որոշելու է հավանություն տալ «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած «ԴՎԻՆ» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին, որի վերակառուցման աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչև 2019 թվականը:
Ըստ ներդրումային ծրագրի հիմնավորման՝ «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումն իրականացվում է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Բացի այդ, հյուրանոցային համալիրը ներառելու է նաև այլ կառույցներ: Ծրագրով նախատեսվում է կառուցել առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»), որը կներկայացնի իրենից բարձրահարկ մասնաշենք, որտեղ կկառուցվի առնվազն 60 «լյուքս» դասի բնակարան:
Նախագծով նախատեսվում է նաև 55000 քմ. ընդհանուր մակերեսով հյուրանոցային համալիրի ռեբրենդինգ և վերանվանում, որը հետագայում կկոչվի «Դավիթ Բեկ» հյուրանոց:
Հյուրանոցի «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր»-ի («Apartments Plaza»-ի) վերևի հարկում կկառուցվի նաև հարթակ՝ ուղղաթիռի համար:
Ըստ որոշման նախագծի՝ ծրագրով նախատեսված ներդրումների ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 120.595.000 ԱՄՆ դոլար: