03/05/2016 14:02
Կառավարությանը ներկայացվել է Արցախի անկախությունը ճանաչելու մասին նախագիծ
Մայիսի 5-ին կայանալիք Հայաստանի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է «Արցախի հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծ, որն ունի ընդամենը երկու հոդված:
Առաջինով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը, իսկ երկրորդով՝ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
Ըստ հիմնավորման՝ օրենքի նախագծի ընդունմամբ՝ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Արցախի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմաններին:
«Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի և Արցախի հանրապետությունների` Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու և ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար», -նշված հիմնավորման մեջ:
Տեղեկացնենք, որ օրինագիծը կառավարությանը ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը (ՀԱԿ) և Զարուհի Փոստանջյանը (Ժառանգություն): Նախագիծը գործադիրին կներկայացնի ՀՀ արտգործնախարարությունը: