03/05/2016 17:54
Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի աշխատակիցները պարգևատրվել են
Այսօր ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ապրիլի 2-ի կարգադրությամբ միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին իրազեկման և Ցեղասպանության ճանաչման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ԱԺ Պատվո մեդալ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին, իսկ թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանը պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշամեդալով:
ԱԺ-ի կողմից պարգևներ են հանձնվել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի շարք աշխատակիցների:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից, թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով պարգևատրվել է փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը՝ Ազգային ժողովի պատվոգրով, իսկ թանգարանի էքսկուրսավարներ Հայկուհի Գևորգյանը, Անժելա Թևեքելյանը, Աստղիկ Եդիգարյանը, թանգարանի ցուցանմուշների պահապաններ Արփինե Ալեքսանյանը, Վարդուհի Շողերյանը, Հայոց ցեղասպանության թանգարանային կառույցի սպասարկման բաժնի վարիչ Թումաս Թումասյանը պարգևատրվել են ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով:
Շնորհավորելով թանգարանի աշխատակիցներին ԱԺ փոխխոնակը շնորհակալություն է հայտնել Հայկ Դեմոյանին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մյուս աշխատակիցներին մեծածավալ և հայրենանվեր աշխատանքի համար: «Թանգարանի աշխատակիցների պրոֆեսիոնալ և հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ աշխարհի տարբեր անկյուններից թանգարան այցելած բազմաթիվ պատվիրակներին հասանելի և հասկանալի է դառնում մեկ դար առաջ հայերի հետ կատարված ողբերգությունն»,- ասել է նա:
«Դրանք պարտավորեցնում են հետագայում ավելի լավ աշխատել»,- հավելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով իր հերթին թանգարանի անունից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ թանգարանի կազմակերպած միջոցառումներին աջակցելու համար ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին պարգևատրել է «Ջեյմս Բրայս» ոսկե հուշամեդալով: