04/05/2016 16:59
«Analitik.am»-ի տնօրենին ու օգնականին սպառնում է առավելագույնը չորս տարվա ազատազրկում
ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «analitik.am» լրատվական կայքի տնօրինության դեմ ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
ՀՀ ՔՕ 182 հոդվածի 2-րդ մասը՝ շորթումը, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Վերջինս տեղեկացրեց, որ ձերբակալվել են «analitik.am»-ի տնօրենը եւ նրա օգնականը:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հաղորդում է տվել, որ «Analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 000 դրամ:
Մայիսի 3-ին ոստիկանության համապատասխան վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300 000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը և մամուլի ակումբի ղեկավարը բռնվել և բերման է ենթարկվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: