04/05/2016 11:35
«Analitik.am»-ի ղեկավար անձնակազմը փորձել է գումար շորթել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից
«Analitik.am» լրատվական կայքի դեմ հաղորդում է ներկայացրել Ազգային Ժողովի պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, Aysor.am-ի թղթակցին հայտնեց իրավիճակին ծանոթ աղբյուրը:
«Այս պահին կարող եմ ասել, որ կայքի ղեկավարությունը փորձում էր գումար շորթել պատգամավորից, ինչի հիման վրա նա դիմել է իրավապահ մարմիններին», - ասաց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, ձերբակալվածների թվում է «Analitik.am» ակումբի հիմնադիր Անի Հովհաննիսյանը:
Տիգրան Ուրիխանյանի հետ կապ հաստատելը դեռևս անհնար է: Aysor.am-ը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հաղորդում է տվել, որ «Analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 000 դրամ:
Մայիսի 3-ին ոստիկանության համապատասխան վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300 000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը և մամուլի ակումբի ղեկավարը բռնվել և բերման է ենթարկվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Հայտնաբերվել և բերման է ենթարկվել նաև կայքի տնօրենը:
Նրանք ձերբակալված են:
Կատարվում է քննություն: