04/05/2016 09:22
Առաջին նախագահի և ՀԱԿ-ի կեցվածքը, կարծում եմ, օրինակելի է մյուս քաղաքական ուժերի համար. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Արցախ՝ ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպելու: Թե՛ այդ քայլը և թե դրանից առաջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս: Նրանք, ովքեր պարտադիր ցանկանում են ամեն ինչում բացասականը տեսնել, հայտնում են իրենց «հիմնավոր» կասկածանքները՝ ընդհուպ մինչև «հուշում, թե ինչպես է պետք Ղարաբաղը հանձնել»: Այդ կասկածներն, իմ կարծիքով, մանր ճղճիմ, քաղքենիական խոսակցությունների շարքում են, որոնք միշտ էլ կային, բայց այս օրերին առավել անպատեհ են թվում:
Այստեղ տեղը չի քննարկել Լևոն Տեր-Պետրոսյանի անցած ուղու դրական և բացասական կողմերը: Կարճ կրկնեմ մի անգամ արտահայտած միտքս. Այդպիսի նախագահ մենք դեռ չենք ունեցել, այդպիսի ընդդիմադիր (խոսքը նրա՝ մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը ընդդիմադիր գործունեության մասին է)՝ լիքը ունեցել ենք և դեռ կունենանք: Բայց ապրիլին վերսկսված ակտիվ մարտական գործողություններից հետո առաջին նախագահի և ՀԱԿ-ի կեցվածքը, կարծում եմ, օրինակելի է մյուս քաղաքական ուժերի համար»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: