04/05/2016 12:30
Արծվիկ Մինասյան. Գազի սակագնի իջեցումը դրական կազդի տնտեսության վրա
Գազի սակագնի իջեցումը դրական ազդեցություն կթողնի տնտեսության վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
«Գազի սակագնի իջեցումը բերելու է նաև էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման: Դա էլ իր հերթին կբերի ապրանքների ինքնարժեքի նվազեցմանն ու մրցունակության բարձրացմանը»,- ասաց Էկոնոմիկայի նախարարը:
Նրա խոսքով՝ ավելի ճշգրիտ տվյալներ ստանալու համար Էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրություն է անցկացնում:
«Արդյունքները կփոխանցենք մյուս գերատեսչություններին և իրավասու մարմիններին: Դա կօգնի տնտեսության մեջ ընտրել այնպիսի թիրախներ, որոնք կապահովեն այդ իջեցումից առավելագույն ելքային արդյունք՝ թե′ աշխատատեղերի, թե′ նաև թողարկվող ապրանքների ստեղծման ուղղությամբ»,- ամփոփեց Արծվիկ Մինասյանը: