04/05/2016 16:13
Արսեն Բաբայանը բացահայտելու է զրպարտության հեղինակին օրենսդրությամբ նախատեսված գործողություններով
Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը իր հասցեին ուղղված անանուն մեղադրանքները զրպարտություն է անվանել և պատրաստվում է դիմել օրենսդրությամբ նախատեսվող քայլերի:
«Մամուլի առանձին միջոցներով անանուն զրպարտելը, ցավոք, նոր երևույթ չէ մեր իրականության մեջ: Միայն այն հանգամանքը, որ իմ հասցեին հնչած զրպարտության կոնկրետ հեղինակը թաքնվում է, այսինքն, եթե որևէ մեկն իսկապես լրատվամիջոցին այդպիսի տեղեկություն է հայտնել, ապա թույլ չի տվել հրապարակել իր անունը, արդեն խոսում է այն բացահայտ փաստի մասին, որ գործ ունենք ամենաէժան զրպարտության հետ», - Aysor.am թղթակցի հետ զրույցում ասաց Ա.Բաբայանը:
Հիշեցնենք, որ այսօր Analitik.am կայքի ղեկավարության ներկայացուցիչներ են ձերբակալվել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից պարբերաբար գումար շորթելու մեղադրանքով: Հարուցվել է քրեական գործ:
Որոշ լրատվամիջոցներ, հիմնվելով անանուն աղբյուրի տեղեկատվությանը, հաղորդել են, որ կայքի «հովանավորը Արսեն Բաբայանն է»:
«Կրկին ցավով պետք է նշեմ, որ պետական ծառայողներն այդօրինակ զրպարտություններից ապահովագրված չեն», - ընդգծեց Ա.Բաբայանը:
«Այսինքն՝ մի կողմից ունենք օրենսդրական համապատասխան պաշտպանություն, մյուս կողմից՝ լինելով պետական ծառայողներ՝ հիմնականում խուսափում ենք դատական պաշտպանության դիմելուց, որպեսզի առիթ չտանք մամուլի կոնկրետ միջոցին երևակայելու, թե իրեն փորձում ենք ճնշել», - ասաց նա:
Ա.Բաբայանի խոսքով, երկրորդ երևույթը, ցավոք, որոշ լրատվամիջոցների առիթ է տալիս անցնելու բոլոր սահմանները՝ «անգամ, զրպարտության մակարդակը հասցնելու քրեական օրենսգրքով նախատեսված սուտ մատնություն հանցանքի հատկանիշներին»:
«Թեև այս պահին կոնկրետ որոշում չունեմ, թե ինչպես եմ պաշտպանելու խախտված իրավունքներս, սակայն, կարծում եմ, որ առնվազն անհրաժեշտություն է՝ բացահայտել զրպարտության կոնկրետ հեղինակին: Լինի լրագրողն անձամբ, թե որևէ մեկի ուղղորդմամբ: Այդ ուղղությամբ հավանաբար օրենսդրությամբ վերապահված որոշակի գործողություններ կիրականացնեմ», - հայտարարեց Ա.Բաբայանը: