04/05/2016 16:38
Տնտեսագետ. Գազի գնի նվազումը չի ազդի ապրանքների շուկայական գնի վրա
Հայաստանում գազի սակագնի նվազումը կբերի բազմաթիվ ապրանքների ինքնարժեքի նվազման, սակայն դա դժվար թե անդրադառնա վաճառքի շուկային, Aysor.am- ի թղթակցին ասաց տնտեսագետ, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը.
«Մեզ մոտ գների կարգավորման առումով չկա պետական վերահսկողություն: Գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի նվազման դեպքում, թվում էր, թե ապրանքների գնի նվազումն ակնհայտ է, սակայն իրականությունը ցույց է տալիս, որ մենք ավելի շատ միտված ենք գնաճին, քան՝ գնանկմանը», - ասաց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է ինքնարժեքին, ըստ Բ.Պիպոյանի, այն կնվազի բազմաթիվ արտադրությունների դեպքում:
«Սկսած խոշոր գործարաններից, որոնք էլեկտրաէներգիայի խոշոր սպառողներ են, վերջացրած՝ պարենային ապրանքներով: Իսկ արդյոք կազդի՞ ինքնարժեքի նվազումը շուկայական գնի վրա՝ պարզ կլինի ամիսներ անց», - նշեց Բ.Պիպոյանը: