04/05/2016 11:21
Գվարդիոլա. Բոլորը սպասում են, որ ամեն տարի պետք է տիտղոսներ նվաճեմ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլից դուրս մնալուց հետո հայտարարել է, որ ուշադրություն չի դարձնելու իր հասցեին հնչող քննադատություններին: Նշենք, որ մյունխենյան թիմը երրորդ տարին անընդմեջ Գվարդիոլայի գլխավորությամբ ՉԼ-ի կիսաեզրափակչում պարտվում է իսպանական թիմերի. 2014-ին «Բավարիան» զիջեց «Ռեալին», 2015-ին՝ «Բարսելոնային», ընթացիկ խաղարկությունում՝ «Ատլետիկոյին»:
«Հիասթափություն զգում ես, երբ վատ ես խաղում, երբ տուն ես գնում և հասկանում ես, որ կարող էիր ավելի լավ հանդես գալ: Այսօր ես նման բան չեմ զգում: Մենք հիանալի խաղացինք 80 րոպե: Ես նման խաղերի համար եմ աշխատում և փոխվելու մտադրություն չունեմ: Բոլորը սպասում են, որ ես ամեն տարի պետք է տիտղոսներ նվաճեմ: Ես արել եմ հնարավոր ամեն ինչ, «Բավարիայում» անցկացրած առաջին օրվանից զոհողությունների եմ գնացել, իսկ մարդիկ թող խոսեն՝ ինչ ցանկանում են:
Ես չեմ զղջում «Բավարիայում» անցկացրած 3 տարվա համար: Գոհ եմ, որ ֆուտբոլիստներին փորձել եմ ստիպել ֆուտբոլին այլ ձևով նայել: Այս մտածողությամբ «Բավարիան» մեծ ապագա կունենա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Deutsche Welle»-ն:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանից հետո Գվարդիոլան տեղափոխվելու է «Մանչեսթեր Սիթի», իսկ «Բավարիան» գլխավորելու է Կարլո Անչելոտին: