04/05/2016 12:43
Եթե պատերազմական գործողություններ վերսկսվեն, Արցախի ճանաչումը կդառնա հրամայական. Դ. Բաբայան
Եթե պատերազմական գործողությունները վերսկսվեն, ապա Արցախի ճանաչումը կդառնա հրամայական, սակայն Հայաստանը նպատակ չի հետապնդում տապալել բանակցային գործընթացը: Այդպիսի նպատակ ունի միայն Ադրբեջանը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությանն, ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Նովրուզ Մամեդովն, անդրադառնալով ՀՀ պատգամավորների կողմից ներկայացված ԼՂՀ ճանաչման նախագծին, հայկական կողմի քայլը սադրանք էր որակել:
Դավիթ Բաբայնի խոսքով՝ հայկական կողմի նպատակը ոչ թե բանակցային գործընթացի տապալումն է կամ ինչպես Նովրուզն է որակում՝ սադրանքը, այլ՝ խաղաղության վերջնական հաստատումը, որի ուղղությամբ և Հայաստանը քայլեր է իրականացնում:
«Հայաստանի ղեկավարությունը հստակ նշել է, որ դեմ չէ Արցախի ճանաչմանը և չի էլ կարող դեմ լինել: Պարզապես, Հայաստանը դրան ընդառաջ է գնում կառուցողական քայլերով: Եթե հիմա Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, կնշանակի բանակցային գործընթացի ամբողջական տապալում: Սակայն, եթե հակառակորդը շարունակի պատերազմական գործողությունների հրահրումը, ապա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ Հայաստանը կճանաչի Արախի անկախությունը, քանի որ այդ ժամանակ դա ուղղակի կդառնա հրամայական»,- ասաց նա:
Արցախի նախագահի մամուլի խոսնակն ընդգծեց նաև, որ թեև պատերազմական գործողությունների հավանականությունն այս պահին էլ կա, սակայն դեռ վաղ է ասել՝ դրանք կընդլայնվեն, թե՝ ոչ, բայց ասել նաև՝ դրանք ավարտված են, տեղին չէ:
«Թշնամին այս օրերին ստացել է համարժեք հակահարված, ինչի հետևանքով ունեն մեծ կորուստներ, իսկ դա թույլ է տալիս եզրակացնելու, որ առայժմ պատրաստ չէ նոր գործողությունների և կորուստների: Այդ ամենը մարսելու համար բավականին երկար ժամանակ կպահանջվի: Բացի դրանից՝ միջազգային հանրությունը ևս շատ հստակ ձևակերպել է իր մոտեցումը, որ ուժային տարբերակը պետք է բացառվի, իսկ եթե չկա այդ վտանգը, ապա մեզ մնում է աշխատել, որպեսզի փակուղում գտնվող այդ բանակցային գործընթացը վերակենդնացվի»,- հավելեց նա: