04/05/2016 15:32
Երևանն ակնկալում է հնարավորինս շուտ սկսել Ավիացիոն համաձայնագրի շուրջ ԵՄ հետ բանակցությունները
2015 թվականը հատուկ տարի էր Հայաստան-ԵՄ համագործակցության համար, այդ թվում` ինտենսիվ երկխոսության և բարձր մակարդակով այցելությունների տեսանկյունից, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Անցյալ դեկտեմբերին Հայաստան-ԵՄ ապագա շրջանակային համաձայնագրի շուրջ մեկնարկած բանակցությունները մեզ թույլ կտան ստեղծել մեր հարաբերությունների համար նոր իրավական հիմք», - ասել է Է.Նալբանդյանը ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպմանը:
Նրա խոսքով, Հայաստանը միացել է ԵՄ մի շարք ծրագերին կամ գտնվում է միանալու գործընթացում՝ COSME, Horizon 2020, «Ստեղծագործ Եվրոպա»։
«Մենք ակնկալում ենք հնարավորինս շուտ սկսել Ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները և երկխոսությունը՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ», - նշել է Է.Նալբանդյանը:
ՀՀ արտգործնախարարն ասել է նաև, որ Ռիգայի գագաթաժողովի համատեղ հռչակագիրը վերահաստատեց ընդհանուր արժեքների, փոխադարձ շահերի և հանձնառությունների վրա հիմնված` գործընկերության ընդհանուր տեսլականը: