04/05/2016 10:36
Արցախի ճանաչման գործընթացը կհամալրի Ադրբեջանի ագրեսիան զսպելու գործիքները
Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանա-արցախյան սահմանում ստեղծված իրավիճակն, իսկապես, պայթյունավտանգ է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Դատելով Ադրբեջանից ստացվող տեղեկություններից՝ Ալիևի վարչակազմը նոր պատերազմ է նախապատրաստում՝ թերևս հուսալով, որ այդ ճանապարհով կարող է շտկել ապրիլի 2-ին թույլ տրված սխանլենրը։ Այս իրավիճակում բնական է, որ հայկական կողմը ստիպված է կանխարգելիչ քայլեր անել ոչ միայն սահմանում, այլև` քաղաքական տիրույթում», - հայտարարեց Հ.Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքով` Արցախի անկախության ճանաչմանն ուղղված գործընթացները հենց այդ լույսի ներքո է պետք դիտարկել։
«Մինչ օրս պաշտոնական Երևանը նման քայլի չէր գնում՝ կարծելով, որ այդ կերպ կարող է վնասել բանակցային գործընթացին։ Հիմա, երբ ադրբեջանա-արցախյան սահմանում փաստացի պատերազմ է, հայկական կողմը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի յուրաքանչյուր հաջորդ ագրեսիվ քայլ միայն ավելի է վատացնելու Ալիևի դրությունը։ Կարծում եմ՝ այս պահից սկսած Արցախի անկախության ճանաչման գործընթացը կհամալրի Ադրբեջանի ագրեսիան զսպելու քաղաքական գործիքների այն համալիրը, որը կար մինչ օրս», - ընդգծեց քաղաքագետը: