04/05/2016 20:11
Առաջնագծում իրավիճակը լարված է և ցանկացած պահի կարող է սկսվել գործողություն. Սեյրան Օհանյան
Առաջնային գծում իրավիճակն այսօր էլ շարունակում է լարված մնալ և ցանկացած պահի ցանկացած գործողություն էլ կարող է սկսվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում փակ քննարկման ավարտից հետո ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ չբացառելով ոչինչ, այդ թվում և լայնածավալ պատերազմական գործողությունները:
«Այսօր ժամանակավոր հրադադար է: Կա ռազմական խորհուրդ, որը համապատասխան որոշումներ է կայացնում և առհասարակ, ես յուրաքանչյուրի անհատի խորհուրդ կտայի իր կարծիքն իր մեջ պահել: Պետական կարևորության որոշումները քննարկվում են համապատասխան կառույցներում»,- ասաց նախարարը:
Ս. Օհանյանը վստահեցրեց նաև, որ ՀՀ Զինված ուժերը՝ ի դեմս ԼՂՀ պաշտպանական բանակի, կարողանում է իր առջև դրված խնդիրը իրականացնել բարձր մակարդակով: «Այն պատրաստ է պաշտպանողական ցանկացած գործողությունների»,- ասաց նա:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ բանակի առջև դրված խնդիրների շրջանակում իրենք կատարել են համապատասխան վերլուծություններ, որոնք վերաբերում են նաև հակառակորդի հնարավոր գործողություններին:
«Ե՛վ իրադրության, և՛ հակառակորդի, և՛ մեր ուժերի գնահատման արդյունքում մենք համապատասխան հետևություններ ենք արել՝ հակառակորդի հնարավոր գործողությունների և այլ խնդիրների շրջանակներում»,- ասաց նա: