04/05/2016 14:27
Ընտրությունների ժամանակ լրագրողի ձայնագրիչը կոտրելու դեպքով քրգործ է հարուցվել
Արմավիրի Փշատավան համայնքում գյուղապետի ընտրությունների ժամանակ լրագրողի ձայնագրիչը կոտրելու և տեսախցիկը խլելու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
«Հայկական ժամ» լրատվական կայքի լրագրող Հերմինե Մանուկյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 09:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, նույն կայքի խմբագիր Աննա Գևորգյանի հետ Արմավիրի մարզի Փշատավան գյուղում ընտրությունները լուսաբանելու ընթացքում մի քանի երիտասարդներ խոչընդոտել են իրենց մասնագիտական լիազորությունների իրականացումը:
Նրանցից մեկն իր ձեռքից խլել է լուսանկարչական խցիկը, իսկ մյուսը՝ կոտրել է ձայնագրիչն ու հիշողության կրիչը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրգործը հարուցվել է ՔՕ «Ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու հոդվածով» (ՔՕ, հոդված 149): Մասնավորապես՝ մի խումբ անձանց կողմից գույքային վնաս պատճառելու կետով: