04/05/2016 11:00
Ձերբակալվել են Analitik.am կայքի տնօրենը, օգնականը և ակումբի ղեկավարը
Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հաղորդում է տվել, որ «Analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 000 դրամ:
Ինչպես փոխանցում են ոստիկանության բաժնից, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը:
Իսկ թե ով է եղել բանակցություններ վարողը, կամ հաղորդում տվող պատգամավորը, ոստիկանությունը չի մանրամասնում: Չեն նշվում նաև մյուս կողմի անունները:
Հաղորդվում է միայն, որ բանակցությունների ընթացքում նրանց միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300 000-ական դրամը, նախապես պայմանավորված որևէ վայրում, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:
Մայիսի 3-ին ոստիկանության համապատասխան վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300 000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը և մամուլի ակումբի ղեկավարը բռնվել և բերման է ենթարկվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Հայտնաբերվել և բերման է ենթարկվել նաև կայքի տնօրենը:
Նրանք ձերբակալված են:
Կատարվում է քննություն: