04/05/2016 13:05
Մայիս ամիսը տեղումնառատ կլինի. Զարուհի Պետրոսյան
Մայիսին օդի ջերմաստիճանը նորմային մոտ կլինի, տեղումների քանակը՝ նույնպես: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով մայիս ամսվա կանխատեսումները, ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ տարվա մայիսը նման է լինելու անցյալ տարվա մայիս ամսին: Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի կանխատեսումներով՝ օդի ջերմաստիճանը տարբեր մարզերում տարբեր է լինելու:
«Արարատյան դաշտում միջին ամսական ջերմաստիճանը լինելու է +18 աստիճան: Շիրակ, Կոտայք, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում ամսական միջին ջերմաստանը կլինի +9-ից +12 աստիճան տաքություն: Լոռիում՝ +12-ից +13, Տավուշում՝ +13-ից +16, Վայոց ձորում՝ +18, իսկ Սյունիքում՝ մինչև +20 աստիճան»,- մանրամասնեց նա:
Ըստ կանխատեսումների՝ Արարատյան դաշտում արդեն իսկ կլիմայական ամառը սկսվել է: Զարուհի Պետրոսյանի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, մայիս ամիսը խոնավ է լինելու: «Հանրապետության տարածքում մայիսը տեղումնառատ է լինելու, և ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում՝ առանց շեղումների: Մայիսի առաջին տասնօրյակում անձրևների հավանականությունը կպահպանվի: Մեծ է նաև կարկուտի հավանականությունը, որոշ մարզերում կարկուտ կտեղա»,- ասաց նա:
Ամփոփելով՝ նա նշեց, որ ապրիլ ամիսը եղել է չորային, իսկ մայիս ամսվա սպասվող տեղումները գյուղատնտեսության համար դրական ազդեցություն կունենան: «Թեև առատ տեղումները գյուղատնտեսական աշխատանքներին,և մասնավորապես, բուժանյութերի սրսկումներին կխանգարեն, բայց անձրևները համատարած չեն լինի և վնասներ գյուղացիներին չեն հասցնի»,- եզրափակեց նա: