04/05/2016 18:39
Գերմանացի մասնագետների հետ քննարկվել է ծանր վիրավորում ստացած 19-ամյա 2 զինծառայողների բուժման խնդիրը
Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը կաջակցի վիրավոր զինծառայողներին: Այս մասին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով խորհրդակցության ժամանակ հայտնել է Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:
Նա պատրաստակամություն է հայտնել արտերկիր տեղափոխվելու դեպքում աջակցել տղաների բուժօգնության կազմակերպման գործին:
Ինչպես փոխանցում են ՀՀ առողջապահության նախարարությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող, ծանր վիրավորում ստացած 19-ամյա երկու զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասները: ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցությանը մասնակցել են նաև զինծառայողների ծնողները: Ներկա է եղել նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Խորհրդատվությունների նպատակով Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայից Հայաստան ժամանած բժիշկների` վնասվածքաբանների և պլաստիկ վիրաբույժների և տեղի մասնագետների հետ անդրադարձ է կատարվել տղաների արտերկիր տեղափոխելու հարցը, բուժօգնության կազմակերպման արդյունավետությունը, հնարավորությունը, կլինիկաների ընտրությունն ու ժամկետները:
Արտերկրի առաջատար մասնագետներին են ներկայացվել զինծառայողների բժշկական փաստաթղթերը: Ուղիղ կապ է հաստատվել նաև Համբուրգի հայազգի մասնագետների հետ:
Զինծառայողների առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով` խորհրդակցությունից անմիջապես հետո գերմանացի բժիշկների խումբը կայցելի բժշկական հաստատություններ` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ, ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն: