04/05/2016 18:54
ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը
Պրահայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկումների առանցքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն էր:
Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի համատեղ ջանքերը` ուղղված ագրեսիայի հետևանքների հաղթահարմանը, բանակցությունների վերսկսման համար բարենպաստ մթնոլորտ ձևավորելուն:
Շեշտվել է, որ հիմնահարցը չունի ռազմական լուծում: Յոհանես Հանը նշել է, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամանախագահների ջանքերը` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:
Հայաստանի արտգործնախարարը և ԵՄ հանձնակատարն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, երկուստեք գոհունակություն է հայտնվել նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների ընթացքի կապակցությամբ: