04/05/2016 19:48
ԱԳ փոխնախարար. Ադրբեջանը որդեգրել է պետական մակարդակով խրախուսվող մարդկության դեմ հանցագործությունների քաղաքականություն
Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը պայքարում է ահաբեկչական կազմավորումների բարբարոսական գործողությունների դեմ, այդ նույն անմարդկային ձեռագրով գործում է միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող պետությունը՝ Ադրբեջանը:
Պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ Ադրբեջանի նախագահը պարգևատրել է և լուսանկարվել ադրբեջանական զինծառայողի հետ, որը, ըստ ադրբեջանական լրատվական կայքերի, ցուցադրաբար պատկերված էր ԼՂ Պաշտպանության բանակի զինծառայող Քյարամ Սլոյանի անդամահատված գլուխը ցուցադրող լուսանկարներում, ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Նման հանցագործության խրախուսումն ամենաբարձր պետական մակարդակով Ադրբեջանի համար նորություն չէ. Բուդապեշտում քնած վիճակում հային կացնահարելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովը, 2012թ.-ին Բաքու արտահանձնվելուն պես, Ադրբեջանի նախագահի կողմից անմիջապես ազատվեց պատիժը կրելուց, պարգևատրվեց և հերոսացվեց»,- ասել է ԱԳ փոխնախարարը:
Շ. Քոչարյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ապրիլին սանձազերծված ագրեսիայի ընթացքում դպրոցների նպատակային հրետանակոծումը, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել են երեխաներ, տարեց անձանց կտտանքների և խոշտանգումների միջոցով տանջամահ անելը, ԼՂ գերեվարված զինծառայողների դիակների խեղումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը որդեգրել է պետական մակարդակով խրախուսվող և ուղղորդվող ահաբեկչության և մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու քաղաքականություն: