04/05/2016 16:53
«Ստամբուլի ոսկերիչները տեղափոխվում են Հայաստան». թուրքական ԶԼՄ-ներ
Վերջին շրջանում Թուրքիայի ոսկերչական արտադրանքի վրա Ռուսաստանի կողմից կիրառվող բարձր մաքսատուրքերի պատճառով դժվարացել է արտադրանքի արտահանումը Ռուսաստան:
Թուրքական «Hurriyet»-ը փոխանցում է, որ Ստամբուլի հայտնի «Փակ շուկայի» (Քափալըչարշը) ոսկերիչները արտադրություն կազմակերպելու համար հայացքներն ուղղել են դեպի Հայաստան և Իրան:
Աղբյուրն հաղորդում է նաև, որ Իրանի նոր բացված շուկայում իրենց տեղն ունենալու համար Ստամբուլի ոսկերիչները սկսել են մասնակցել այդ երկրում կազմակերպվող ցուցահանդեսներին ու քայլեր են ձեռնարկում այնտեղ համատեղ արտադրություններ սկսելու ուղղությամբ:
Ermenihaber-ն էլ հայտնում է նաև, որ Ստամբուլի «Քափալըչարշը» և Քույումջուքենթ թաղամասում կենտրոնացված ոսկերիչները Ռուսաստանի կողմից սահմանված 42 տոկոսանոց հարկից խուսափելու նպատակով սկսել են քայլեր ձեռնարկել Հայաստանում արտադրություն կազմակերպելու ուղղությամբ: Բազմաթիվ ոսկերիչներ, որոնց մեծամասնությունն հայկական ծագում ունի, նախընտրում են Հայաստանը, քանի որ այստեղ աշխատուժը համեմատաբար ավելի էժան է:
«Ոսկերիչները գնում են ավանդաբար բարձրակարգ ոսկերիչ ու արծաթագործ վարպետներով հայտնի այդ երկիր, կազմակերպում իրենց արտադրությունը և այնտեղից էլ արտահանում Ռուսաստան և հետխորհրդային տարածքի երկրներ»,- գրում է կայքը` ավելացնելով, որ այդպիսով թեթևանում է նաև ԵՏՄ երկրների ոսկերիչների ծանրաբեռնվածությունը:
Աղբյուրն հաղորդում է, որ «Քափալըչարշը» այցելող զբոսաշրջիկների թվի զգալի անկում է նկատվում, ինչի պատճառներից մեկն էլ շուկայում գործունեություն ծավալող ոսկերիչների Հայաստան տեղափոխվելն է: «Քափալըչարշը»-ի ամենահայտնի ոսկերչական սրահներից 5-6-ն արդեն տեղափոխվել են Հայաստան ու այստեղ են շարունակում իրենց գործունեությունը: Պնդումներ կան, որ Հայաստանից ոսկերչական արտադրանքը մաքսանենգ ճանապարհներով անցկացվում է Թուրքիա, ինչը հարկերի կորստի պատճառ է դառնում: Ոլորտի պատասխանատուները և տեղափոխված ընկերությունների տերերը չեն ցանկանում այս թեմայով խոսել: Հիմնական վախը Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող էմբարգոն է»,- գրում է լրատվականը: