05/05/2016 17:31
ԱԳՆ. Որպես վստահելի գործընկեր՝ ՀՀ նախագահը կտեղեկացնի իր գործընկերներին ԼՂՀ ճանաչման մասին
Կառավարության եզրակացությունը դեռ չի նշանակում հավանության արժանացնել Արցախի ճանաչման նախաձեռնությանը: Այս մասին ասված է ՀՀ Արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ:
«ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Հայաստանը բազմիցս հստակ հայտարարել է, թե որ դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- հայտարարել է ԱԳՆ-ն՝ ընդգծելով.
«Որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ նման կարևոր որոշման կայացման պարագայում Հայաստանի Հանրապետության Նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն իր մեջ բանականություն կգտնի և զերծ կմնա ապրիլի սկզբին սանձազերծած արկածախնդրության կրկնությունից:
Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության գիտակցմամբ է միայն հնարավոր վերադարձնել գործընթացը բանակցային դաշտ և գտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրագործման արդար և արդյունավետ ուղին»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: