05/05/2016 17:28
«Հրազդան-ցեմենտ» գործարանին արտոնություն տալը բազմաթիվ խնդիրներ է լուծում. Արծվիկ Մինասյան
«Հրազդան-ցեմենտ» գործարանին հարկային արտոնություն տալու նախաձեռնությունը բազմաթիվ խնդիրներ է լուծում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով «Հրազդան-ցեմենտ» գործարանին հարկային արտոնություն տալու մասին կառավարության այսօր ընդունած որոշմանը:
«Այն հստակ տնտեսական ակտիվության վրա դրական ազդեցություն ունեցող նախաձեռնություն է, որը լուծում է բազմաթիվ խնդիրներ: Եվ ոչ միայն մրցակցային միջավայրի ստեղծման ուղղությամբ, որ չունենանք միայն մեկ ցեմենտ արտադրող խոշոր ընկերություն, այլև՝ այն տնտեսական ակտիվություն ունեցող նախաձեռնություն է, որը լուծում է նաև սոցիալական խնդիրներ: Ի վերջո, այդ նախաձեռնությամբ փրկվում է Հայաստանի տնտեսական, արդյունաբերական գիգանտներից մեկի ճակատագիրը»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք նաև, որ Կառավարությանն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Հրազդան-Ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը ԱԺ-ի վերջին նիստում չէր ընդունվել: