05/05/2016 09:49
Դ.Շահնազարյան. Անհրաժեշտ է օգտվել Ադրբեջանի սխալներից և վերականգնել ԼՂ մասնակցությունը բանակցային գործընթացին. «168 Ժամ»
«Ակնհայտ է, որ ապրիլին սկսված Արցախյան երկրորդ պատերազմն առանց ԼՂՀ մասնակցության բանակցային ձևաչափի ուղղակի արդյունքն է: Այսինքն՝ 16 տարի ԼՂՀ-ի՝ բանակցային գործընթացից դուրս լինելու արդյունքում՝ ստացանք պատերազմ, քանի որ այս ձևաչափը բխում է բացառապես Ադրբեջանի և նրա գործընկեր Ռուսաստանի շահերից: Ուշադրություն դարձրեք, թե ինչ գնահատականների արժանացավ Կրեմլին մոտ կանգնած ռուս փորձագետների կողմից ապրիլի 4-ի երեկոյան ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոների անդրադարձը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, որում նա հատուկ ընդգծեց ԼՂ ինքնորոշման իրավունքը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Տարածաշրջանային հետախուզությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող զարգացումներն ու հայկական կողմերի անելիքները:
Նրա գնահատմամբ՝ հիմնավորված է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որ բանակցային գործընթաց առանց ԼՂՀ-ի, վերադարձ պատերազմի ձևաչափին այլևս լինել չի կարող: «Անհրաժեշտ է օգտվել Ադրբեջանի սխալներից, Ռուսաստանի չարդարացած հույսերից և վերականգնել ԼՂ մասնակցությունը բանակցային գործընթացին՝ որպես հակամարտության կարգավորման լիիրավ կողմ, նորից կյանք տալ 1994թ. ԵԱՀԿ-ի Բուդապեշտի գագաթնաժողովի բանաձևին, 1994թ. ԵԱՀԿ Պրահայի փաստաթղթին, 1994թ. և 1995թ. պայմանագրերին, որոնք Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին ցանկանում է մոռացության մատնել»,- ասել է Դավիթ Շահնազարյանը: