05/05/2016 10:53
Եթե կա մի հայ, ով չի ցանկանում հաղթանակ, ապա նա ինձ համար չի տարբերվում ազերիից. Խաչիկ Եղոյան
Երեկ՝ մայիսի 2-ին, շվեդական Էրիքսոն Գլոբ արենայի բեմում Եվրատեսիլ 2016-ի շրջանակներում կայացավ Հայաստանը ներկայացնող գերմանաբնակ երգչուհի Իվետա Մուկուչյանի առաջին փորձնական ելույթը: Բեմում երգչուհու ազատ հագ ու կապը ոմանց անտարբեր թողեց, ոմանց՝ հիացրեց, ոմանց համար էլ անընդունելի եղավ: Ռեժիսոր Խաչիկ Եղոյանը՝ լինելով ակտիվ օգտատեր, ով տարբեր հարցերի շուրջ սեփական տիրույթում բարձրաձայնում է իր կարծիքը, այս անգամ ևս ֆեյսբուկյան իր էջում գրառում կատարեց՝ մասնավորապես նշելով. «Մենակ հայ կինը հետևը բաց աշխարհին չէր ներկայացել, էն էլ եղավ»: Սա ռեժիսորի մասնագիտակա՞ն, թե՞ հայ տղամարդու պահպանողական գնահատականն էր:
«Եթե ուշադիր լինեն, կնկատեն, որ ասածիս մեջ մի քիչ սարկազմ կար, և ոչ թե անձնական վիրավորանք կամ մասնագիտական մոտեցում: «Տատական« հումորով մի խոսք կա. «Այ բալա, էս ի՞նչ ես հագել». ես հենց այդ մոտիվներով էլ գրել եմ: Նպատակս բոլորովին այն չէր, որ խոսքս տարածվի, մտերիմներս գիտեն, որ շոու աշխարհից հեռու մարդ եմ: Նույնիսկ խնդրել եմ, որ առանց իմ թույլտվության գրածներս չտարածեն: Իսկ իմ՝ մոտ 5000 ընկերներին արդեն համարում եմ հարազատ մարդիկ, որոնց հետ կարծիքներով փոխանակվում ենք և երբեք չենք հատում անձնական վիրավորանքի սահմանը: Անձնական վիրավորանք ես չեմ հանդուրժի»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Խաչիկ Եղոյանը:
Անդրադառնալով գրառմանը՝ նկատեցինք, որ Իվետա Մուկուչյանը միակը չէ, հայն աշխարհին ներկայացել, նույնիսկ՝ երբեմն հպարտացել է Քիմ Քարդաշյանով: «Ինքս Քիմ Քարդաշյանով երբեք չեմ հպարտացել, նրա Հայաստան եկած օրերին Հանրապետության հրապարակով անցնելիս նույնիսկ ամաչել եմ՝ լսելով, թե երիտասարդներն ինչպես են աղաղակում, լացում, ուզում նրան տեսնել, նմանվել: Ինչպե՜ս էին նրան դիմավորում, իսկ Շարլ Ազնավուրի պես մեծությանը… Թեև չեմ ժխտի, որ նա օգտակար եղավ Հայոց ցեղասպանության ճանաչման առումով արված քայլերով: Իհարկե, նրա կատարած գործն ավելի մեծ է այս հարցում, քան նյութիս տակ անհարկի մեկնաբանություններ արած, բազմոցին նստած, չկայացած «հերոսների» գոռում գոչյունները: Իվետային ինձանի՞ց եք պաշտպանում, ես էլ նրա թշնամի՞ն էի… Վստահ եմ, նրանցից շատերը Հայաստանը տարբեր հարթակներում ներկայացնող ամեն մի ներկայացուցչի հետ չեն անհանգստանում, երկրպագում, սրտատրոփ սպասում հայկական դրոշի ծածանմանը՝ ինչպես ես: Համոզված եղեք, Իվետայի համար էլ նույնն եմ անելու, հոգեպես իր կողքին եմ լինելու ու սպասելու հաղթանակին: Չար քոմենթ գրողների վրա ես չեմ բարկանում ու չարանում, ուղղակի երբեմն նեղվում եմ ու Աստծուն խնդրում՝ նրանց ճիշտ ճանապարհի վրա դնել»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Դիտարկմանը, որ նրա գրառման տակ տարբեր կայքերում տարատեսակ մեկնաբանություններ եղան՝ երբեմն հասնելով անձնական վիրավորանքի, ու շատերն էլ հենց նրան հակադարձեցին՝ ասելով, որ իր գրածն էլ անձնական վիրավորանք է՝ ուղղված Իվետային՝ պատասխանեց. «Նախ, ես չեմ կարծում, որ իմ գրառումը վիրավորել է Իվետային. այս դեպքում «բաց հետույք» արտահայտությունը վիրավորանք չէ, այլ տեսածի արձանագրում: Եթե նույնիսկ մի փոքր ցավեցրել եմ՝ պատրաստ եմ իրեն ամուր գրկել, համբուրել ու ասել՝ Իվետա ջան, դու այս դեպքում ուղղակի Իվետա Մուկուչյանը չես, այլ Հայաստանը ներկայացնող հայն ես, ով շատ լավն է: Անկախ նրանից՝ երգն իմ սրտով կլիներ, թե ոչ, մեկ է, ես իմ հային երկրպագելու էի ու եմ: Այս պահին դու իմ Հայաստանն ես, ու ես իրավունք ունեմ մտահոգվելու իմ դրոշը ծածանողի համար: Դու ամեն մի հայի, իմ հայ ժողովրդի պատիվն ես...Կցանկանայի, որ գոնե այս արցախյան խառը օրերին, երբ բոյկոտեց, մի լավ բան արեց՝ հրաժարվելով շարունակել համերգարշավը, հիմա էլ գոնե քիչ ավելի զուսպ ներկայանա, եթե ոչ զինվորական լուծումներով որևէ հագուստով, որը կասոցացնի մեր հաղթանակը, մեր ոգին, ուժը, ապա գոնե մի քիչ զուսպ հագուստով: Ասում են՝ լողազգեստ է, սրա ի՞նչն է բաց: Ես էլ կպատասխանեմ՝ բեմ է. ծով չէ, հերիք ամեն ինչ խառնեք իրար… Ինչ վերաբերում է ինձ մեղադրողներին, թե տանը նստած քննադատում եմ՝ ասեմ, որ տանը նստած գրեթե չեմ լինում, շուտով կրկին Գյումրի պետք է գնամ, քանի որ իմ հեղինակային՝ «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը ապրիլի 24-ից այնտեղ է բացվել: Հիմա էլ պետք է Վանաձոր տեղափոխեմ ու վանաձորյան բացման օրը, ինչպես միշտ, 100 «եկեղեցիների շեմով» պտտվելու եմ ու մտովի աղոթք անեմ. մեկ՝ Իվետայի ու Հայաստանի հաղթանակի համար, մեկ էլ՝ չարալեզու քոմենթներ գրողների հոգիների ու լեզուների մաքրման համար»:
Անձնական կարծիք սեփական տիրույթում բոլորը կարող են հայտնել, բայց մասշտաբային կերպով անձնական վիրավորանք հասցնելու համար հատուկ պատասխանատվություն կա մշակված: «Չեմ հանդուրժի անձնական վիրավորանք: Ես աղոթում եմ մեր ցանկացած հաղթանակի համար, սակայն Աստծուն աղոթելուց էլ պիտի չամաչես աղոթքիդ նպատակի համար: Նորից կարող եմ կրկնել ասածս՝ հատկապես այս օրերին այդպես դուրս գալը բեմ ու այդ կերպարով մեր դրոշը ծածանելը չեմ հասկանում: Ի՞նչ ենք ուզում ասել՝ զենքո՞վ ենք ուժեղ, միասնականությա՞մբ, թե՞… Մի քանի չկայացած չարախոսների ասեմ, որ ես ճանաչվածության խնդիր չունեմ: Մեր տանը հանրաճանաչության ամենամեծ պտուղը տարիներ շարունակ ճաշակել ենք, և եթե անկեղծ՝ հորս լարվածությունից հասկացել եմ դրա դժվարությունները: Այժմ ավելի վատ է՝ մի քայլ անում ես՝ բոլորը նկատում և խոսում են: Նկատեցի, գրագիտություն պահանջող «ժողովուրդը» բամբասանքն ու հանրության արջև անկեղծ կարծիք արտահայտելը այնքան էլ չի տարբերում»,-տարակուսած ընդգծեց ռեժիսոր Եղոյանը:
Հաճախ ասում են, որ ռեժիսորները ստանդարտներ չեն ճանաչում, ազատությունը նրանց համար սահմաններ չունի: Հատկապես, որ այսօր աշխարհի պահանջը հենց դա է: «Ես ռեժիսոր եմ, բայց ինչպես նկատել եք, իմ գործերից և ոչ մեկում բաց կամ ոչ հարիր տեսարաններ չկան: Ես խուսափում եմ անգամ մարդասպանության տեսարաններ բեմադրելիս: Այո, այսօր աշխարհն է դա պահանջում, բայց ես այդ ստանդարտների մեջ չեմ մտնում, չեմ ընդունում այդ պահանջները և գուցե պատճառը հենց դա է, որ այսօր այդ շուկայից բացակայում եմ: Թեև, փառք Աստծո, ինչ վատ է հնչում չէ՞ շուկա ասվածը (ծիծաղում է): Ռեժիսորական ազատությունը չի նշանակում անբարո արարքների կողմնակից լինել: Արվեստը պարտավոր է թելադրել բարություն և բարոյականություն: Ինքս այնպիսի բաներ չեմ նկարի, որոնք ինձ վաղը կստիպեն երեխաներիս աչքերի մեջ ամաչելով նայել: Շատերն ասում են՝ բա ի՞նչ աներ, չադրա կրե՞ր: Այդքան պրիմիտիվ մի եղեք, ո՞վ է ասում՝ եթե ոչ լողազգեստ, ուրեմն չադրա…Ծիծաղելի է, Աստված Սեր և խաղաղություն տա մեզ, ու հաղթանակ՝ ամեն հարցում»,-նշեց նա:
Ռեժիսորը ևս մեկ անգամ ընդգծեց, որ անհամբեր սպասում է Հայաստանի եվրատեսիլյան հաղթանակին: Ծանոթ է Իվետա Մուկուչյանի ձայնային տվյալներին ու հավատում է՝ հաղթել կարող ենք. « Երգչուհու հետ անձամբ ծանոթ չեմ, սակայն գիտեմ, որ լավ տվյալներ ունի: Վերջերս դրսում նկարահանված իր տեսահոլովակներից մեկը տեսա ու շատ հավանեցի: Երաժշտագետ չեմ, բայց գտնում եմ, որ լավ երգ է, գեղեցիկ կատարում: Թե որքանով է մրցունակ՝ չգիտեմ, քանի որ Եվրոպան ամեն անգամ տարբեր մոտեցում է դրսևորում… Ես տգետ չեմ, ով կուրորեն քննադատում է՝ մի բան ասելու համար: Սա ուղղակի իմ կարծիքն էր, որի հետ կարող էին համաձայնել, կամ՝ ոչ, և այդ կարծիքն էլ կերպարի, և ոչ թե կատարման մասին է: Իվետային հաղթանակ եմ մաղթում: Եթե կա մի հայ, ով չի ցանկանում այդ հաղթանակը, ապա նա ինձ համար չի տարբերվում ազերիից: Չէ՞ որ նրանք են միշտ մեր պարտությունն ակնկալում: Բայց կրկնում եմ, նույնիսկ հաղթանակը պետք է գեղեցիկ լինի: Կոնչիտան էլ էր հաղթել, և ի՞նչ… Հուսամ՝ չի գա այնպիսի օր, որ համասեռամոլի կուղարկենք Եվրատեսիլ ու ազգովի կթռչկոտենք, երբ հաղթի ու այդ անորակ մրցույթը բերի Հայաստան»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Խաչիկ Եղոյանը: