05/05/2016 09:45
Կարեն Բեքարյանը դեռ վաղ է համարում բանակցային գործընթացից դուրս գալն ու Արցախի ճանաչումը. «Հրապարակ»
Գործադիրի այսօրվա նիստի օրակարգում քննարկվելու է ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագիծը։ ԱԳՆ-ն հավանության է արժանացրել այն։
Նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ նշված է. «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները»: Ազգային ժողովում նախագծի քննարկմանը հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
«Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանի «Հրապարակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, այս պահին դեռ վաղ է դուրս գալ բանակցային գործընթացից և ճանաչել Արցախի անկախությունը։
«Դեռ պետք է պատկերացնել, թե դիվանագիտական խողովակն ինչ ուղղությամբ պետք է աշխատի կարգավորման գործընթացի վրա։ Մեզ համար ոչ թե ինքնանպատակ է ԼՂՀ-ի ճանաչումը, այլ գերնպատակ է ԼՂՀ-ի միջազգային ճանաչումը։ Հետևաբար, այս համատեքստում է դիտվում այդ գործողությունը , այսինքն՝ եթե մեր ճանաչման քայլը նպաստելու է միջազգային ճանաչմանը, իհարկե, դա պետք է անել անմիջապես, բայց եթե մեր այդ քայլը կղզիացման է Արցախը տանելու, ապա դա բոլորովին այլ իմաստավորում է։ Առաջիկայում պետք է քննարկենք այս բոլոր հարցերը, բայց ես կարծում եմ, որ այս պահին այդ ժամանակը չէ»,- ասել է Բեքարյանը։