05/05/2016 14:10
Հնդկաստանը շահագրգռված է ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցում
Հայ-հնդկական երկկողմ համագործակցության օրակարգը վերջին տարիներին ընդլայնվել և հարստացել է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, կողմերը կարևորել են միջկառավարական և միջխորհրդարանական մակարդակներով տեղի ունեցող արդյունավետ շփումները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությունը:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը՝ Հայաստանի համար զգայուն հարցերի վերաբերյալ մշտապես հավասարակշռված դիրքորոշում արտահայտելու համար:
Դեսպան Սուրեշ Բաբուն կարևորել է ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ այդ կազմակերպության շրջանակներում ևս համագործակցության զարգացումը՝ նկատի առնելով, որ Հնդկաստանը շահագրգռված է ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցում, և այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: