05/05/2016 09:42
ՊՆ-ում աղմկոտ պաշտոնանկություններից հետո ՏՏ ոլորտի պատասխանատուները լիահույս են՝ համագործակցությունը կկայանա. «Ժամանակ»
Ապրիլի 29-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպես ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
ՊՆ հաղորդմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչությունների պետերը, քննարկվել են Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների և պաշտպանական գերատեսչությունների համագործակցության հեռանկարները: Նախքան ապրիլյան քառօրյա պատերազմը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներն արդեն հասցրել էին մի քանի անգամ հանդիպել ՊՆ ներկայացուցիչների հետ, սակայն անարդյունք:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի դիտարկմամբ՝ քառօրյա պատերազմը ի ցույց դրեց մի շարք բացթողումներ և առավել տեսանելի դարձրեց ինֆորմացիոն տեխնոլոգիաների ու բանակի միջև կապերի բացակայությունը:
Կարեն Վարդանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ պաշտպանության ոլորտի վերջին պաշտոնանկությունները ևս վկայում են ՊՆ-ի ինֆորմացիոն տեխնոլոգիաների հետ համագործակցելու պատրաստակամության մասին: Կ.Վարդանյանը համոզված է, որ Հայաստանն այսօր ի զորու է ներքին ռեսուրսներով և կարճաժամկետ հատվածում զարկ տալ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանն ու դրանց կիրառմանը բանակում: Անօդաչու սարքեր, տեսահսկման և ազդանշանային համապատասխան համակարգեր սահմանին, եղած զինտեխնիկայի արդիականացում. սրանք Վարդանյանի համոզմամբ, հայաստանյան ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի հնարավորությունների մի մասն են միայն: