05/05/2016 10:59
Սերժ Սարգսյանը շնորհավորել է բժշկական գիտությունների դոկտոր Սուրեն Զոհրաբյանին 95-ամյակի առթիվ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Զոհրաբյանին՝ ծննդյան 95-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից:
«Դուք մեր բժշկագիտության այն երախտավորներից եք, ովքեր ճանաչվել և գնահատվել են նաև արտերկրում: Բարձր գնահատականի է արժանի Ձեր ներդրումը ազգային բժշկագիտության զարգացման, մեր երկրում նյարդավիրաբուժության հիմնադրման գործում: Ձեր կյանքի շուրջ յոթանասունհինգ տարիները Դուք նվիրել եք մարդասիրական ամենաբարձր առաքելություններից մեկին, հանդես եկել որպես բարդագույն վիրահատական միջամտությունների հեղինակ: Ուրախալի է, որ այսօր էլ նույն ավյունով շարունակում եք Ձեր կարևոր աշխատանքը և մանկավարժական շնորհակալ գործունեությունը: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք», - ասված է ուղերձում: