05/05/2016 14:13
Արծվիկ Մինասյան. Ադրբեջանի նպատակը՝ հարվածել Հայաստանի տնտեսությանը, լիովին ձախողվել է
Ադրբեջանական սադրանքի նպատակը, այն է՝ մեծ հարված հասցնել նաև Հայաստանի տնտեսությանն ու տնտեսական ակտիվությանը, լիովին ձախողվել է, կառավարության նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, տնտեսվարողները չենթարկվեցին ամենատարբեր ասեկոսեներին ու կատարեցին իրենց առջև դրված պարտավորությունները:
«Հարկային բոլոր մարմինները ևս այս ընթացքում աշխատել են արդյունավետ՝ բոլոր առումներով: Եկեք չմոռանանք՝ մի քանի գործոնների զուգակցմամբ մենք այսօր ունենք այնպիսի ցուցանիշներ, որոնց արդյունքը պետք է դիտարկել դրական: Այսինքն՝ ադրբեջանական ագրեսիան, որի նպատակն էր հարված հասցնել նաև մեր տնտեսական իրողություններին ու տնտեսական ակտիվությանը լիովին ձախողվել է: Դրա ապացույցներից մեկն էլ նաև հենց այն ցուցանշներն են, որոնք այսօր մենք ունենք», - ասաց Ա.Մինասյանը:
Նա ընդգծեց, որ դրական ցուցանիշներ են արձանագրվել նաև զբոսաշրջության ոլորտում:
«Եթե նախորդ տարիներին այս ոլորտում մենք ունեինք 9 տոկոս աճ, ապա այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով՝ ապրիլ ամսվա ընթացքում մենք որոշակի տեմպի նվազում ունեցանք, ինչը սակայն՝ հիմա վերականգնվում է: Սա ևս ցույց է տալիս, որ ադրբեջանական ագրեսիան իր նպատակին չի հասել», - ասաց նախարարը: