05/05/2016 19:53
Այս պահին որևէ վիրավոր զինծառայողի տեղափոխման անհրաժեշտություն չկա
Վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասներին ծանոթանալու, բուժման հետագա ռազմավարությունը քննարկելու, խորհրդատվություն տրամադրելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստան են ժամանել Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար նեղ մասնագատներ, պրոֆեսորներ վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցը և վնասվածքաբան-օրթոպեդ, նաև ուռուցքաբան Քրիստիան Յաշկեն:
Տեղի մասնագետների ուղեկցությամբ բժիշկներն այսօր այցելել են ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ` վիրավորների առողջական վիճակը տեղում գնահատելու համար: Ինչպես փոխանցում են Առողջապահության նախարարությունից, բժիշկները ծանոթացել են վնասվածքաբանության և վերակենդանացման բաժանմունքում բուժվող բոլոր վիրավորների առողջական վիճակին, զննել բժշկական փաստաթղթերը, ռենտգեն-հետազոտության արդյունքները:
«Մեր այցելած երկու բժշկական հաստատությունում էլ հայ կոլեգաների միջամտությունը կատարված է բարձր մակարդակով: Չկա մի քայլ, մի կետ, որը հնարավոր էր ավելի լավ անել, քան արել են տեղի մեր գործընկերները»,- լրագրողների հետ զրույցում նշել է պրոֆեսոր Շվարցը՝ ընդգծելով, որ արդեն ունեն բժշկական աշխատանքի հստակ պատկեր:
Մասնագետիի գնահատմամբ՝ մինչև հիմա կատարված բոլոր բուժական միջամտությունները շատ օպտիմալ են եղել: «Ինքս վիրավորների բուժումն այլ կերպ չէի կազմակերպի, քան արված է այստեղ: Ինչ վերաբերում է վերականգնողական բուժմանը, ապա այն անհատական է, և ես լավատես եմ այդ առումով»,- ասել է նա` ընդգծելով, որ պատրաստ են և կանեն տղաների համար լավագույնը` լավ արդյունքներ ստանալու համար:
Մասնագեները այս պահին որևէ վիրավորի տեղափոխման անհրաժեշտություն չեն տեսնում: Ավելի արդյունավետ կլինի, որ դեռևս տեղում շարունակվեն վերականգնողական աշխատանքները: Գերմանացի մասնագետերին նաև հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը:
«Ներկա պահին առավել արդյունավետ է տարբեր երկրների մասնագետների այցերի ապահովումը, քանի որ դեռևս վիրավորներին տեղափոխելու կարիք չկա: Մենք անելու ենք առավելագույնը, և արդյունավետությունը պետք է լինի հիմնաքարը»,- իր հերթին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ շեշտելով, որ պահին շարունակվում են բուժական-վերականգնողական աշխատանքները, անգամ դեպքեր կան, երբ դեռ պայքար է տարվում կյանքի համար:
«Բելգիայում բնակվող մեր հայրենակիցները ևս պատրաստակամություն են հայտնել իրականացնելու ստորին վերջույթի վերականգնման և պրոթեզավորման կարիք ունեցող երկու վիրավորի բուժօգնությունը»,- տեղեկացրել է նախարարը՝ հավելելով, որ առաջիկայում Հայաստան կժամանեն մասնագիտական այլ խմբեր, որոնք կքննարկեն տուժածների վիրավորվածությանն աստիճանը, բուժման եղանակները, ժամանակակից ախտորոշման ճշգրտությունը, վերականգնողական բուժման ամբողջ ընթացքը, ժամկետներն ու արդյունավետությունը: