05/05/2016 16:27
Դավութօղլուն հեռանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնից
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ հեռանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնից: Թուրքական Անադոլու լրատվականը փոխանցում է, որ Դավութօղլուն այդ մասին հայտարարել է ԱԶԿ-ի կենտրոնական վարչական խորհրդի նիստի ավարտին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա ասել է, որ մայիսի 22-ին կայանալիք կուսակցության արտահերթ համագումարում չի ներկայացնելու իր թեկնածությունը և իր հետագա գործունեությունը շարունակելու է միայն որպես Քոնյայից ընտրված պատգամավոր:
Թուրքական Միլիյեթն էլ գրում է, որ կուսակցության ղեկավարությունից հեռանալով` Դավութօղլուն հեռանում է նաև երկրի վարչապետի պաշտոնից, քանի որ Թուրքիայում հենց իշխող կուսակցության ղեկավարն է զբաղեցնում երկրի վարչապետի պաշտոնը:
Հաղորվում է, որ Դավութօղլուի հայտարարության ժամանակ ներկա որոշ ԱԶԿ-ականներ չեն կարողացել զսպել արցունքները: «Թուրքիայի գործող սահմանադրությամբ երկրի ղեկավարը հանդիսանում է վարչապետը, իսկ նախագահի պաշտոնը գլխավորապես արարողակարգային գործառույթներ կատարողի իմաստ է կրում»:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի և վարչապետ Դավութօղլուի միջև հակասությունները սկսվել են Էրդողանի Թուրքիայի նախագահ դառնալուց հետո, երբ վերջինս ոչ մի կերպ չեր ցանկանում հետևել երկրի սահմանադրական պահանջին և ցանկանում է շարունակել միայնակ կառավարել Թուրքիան` այդպիսով խլելով Դավութօղլուի լիազորությունները:
Էրդողան-Դավութօղլու ճգնաժամը գագաթնակետին է հասել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության, Մերձավոր Արևելքի հետ կապված խնդիրներում, սիրիացի փախստականների հետ կապված ԵՄ հետ պայմանավորվածություններում անհամաձայնությունների պատճառով: Ըստ տարածված տեղեկությունների՝ Էրդողանի կամայական որոշումով կառավարության անդամներին նշանակելու սահմանադրական լիազորությունը վարչապետից խլվել և փոխանցվել է ԱԶԿ-ի վարչական խորհրդին, ինչը նշանակում է, որ Էրդողանը նրանից խլել է այդ լիազորությունը ևս:
Ստացվում է, որ Դավութօղլուն Թուրքիայի վարչապետի պաշտոնում մնաց 21 ամիս:
Թուրքական լրատվամիջոցները փոխանցում են նաև, որ Թուրքիայի հաջորդ վարչապետի անունը հայտնի կդառնա մայիսի 22-ին՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարի ընթացքում։ Մինչ այս քննարկվում էր մի քանի թեկնածուների անուններ, որոնց թվում էր նաև Էրդողանի փեսայի անունը: