05/05/2016 18:41
Հայաստանի ու Հնդկաստանի քաղաքական հարաբերություններին հատուկ են բարձր մակարդակի փոխըմբռնումն ու վստահությունը. Վարչապետ
Հայաստանի ու Հնդկաստանի քաղաքական հարաբերություններին հատուկ են բարձր մակարդակի փոխըմբռնումն ու վստահությունը: Այս մասին այսօր Հայասանում իր առաքելությունն ավարտող Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուի ընդունելության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Սուրեշ Բաբուին պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:
Ինչպես փոխանցում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ Հ. Աբրահամյանն ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է շարունակել ակտիվ աշխատանքը և տնտեսական փոխգործակցությունը ևս այդ մակարդակին հասցնել:
Դեսպան Սուրեշ Բաբուին էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ իր հերթին նշել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ երկկողմ բարեկամական կապերի սերտացման ուղղությամբ: «Մեծ պատիվ էր բարեկամ Հայաստանում պաշտոնավարելը, և որպես Հայաստանի բարեկամ կշարունակեմ իմ նպաստը բերել երկու երկրների փոխհարաբերությունների զարգացմանը»,- ասել է նա:
Զրուցակիցներն ամփոփել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, մշակույթի, առողջապահության ոլորտներում իրականացվող հայ-հնդկական համատեղ ծրագրերի ընթացքն ու արդյունքները, մտքեր փոխանակել երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման շուրջ: Երկուստեք կարևորվել են տնտեսական կապերի շարունակական աշխուժացմանն ուղղված քայլերը: