05/05/2016 15:43
Մհեր Սեդրակյանը չի վիրավորել լրագրողներին, բայց պահվածքն անհարգալից է եղել
ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն այսօր մասնակի բավարարեց լրագրողական երեք կազմակերպությունների դիմումն՝ ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի:
Հիշեցնենք, որ «Լրագրողների միավորում», «Մեդիա և իրավունք» և «Ազատ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ները դիմել էին հանձնաժողովին` քննելու Մհեր Սեդրակյանի պահվածքը, ով լրագրողներին անվանել էր «նախիր», ապա հայհոյել լրագրողներից մեկին:
Նիստի ավարատից հետո հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հարցը բավականին հանգամնալից քննարկվել է, որից հետո կայացվել է համապաստախան որոշում:
«Մենք չենք բավարարվել մեկ քննարկմամբ, լսել ենք ոչ միայն դիմումատուներին և պատգամավոր Մհեր Սեդրակյանին, այլև խնդրել ենք մեր հիմնական զեկուցողին՝ Թևան Պողոսյանին, որպեսզի նա ևս անմիջական զրույցներ ունենա այդ պահին ներկա գտնվող առանձին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»,- մանրամասնեց Խ. Հարությունյանը՝ հավելելով, որ հայտը բավարարվել է մասնակի, քանի որ տեսանյութերում լրագրողին ուղղված ոչ վայել արտահայտույուններ չեն արձնագրվել:
«Այդ տեսանյութում պատգամավորի կողմից ոչ վայել արտահայտություն, ուղղված լրագրողին, մենք չենք արձանագրել: Ակնհայտ, աներկբա վիրավորական արտահայտություն պատգամավորը չի արել: Բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ պատգամավոր Մհեր Սեդրակյանը խախտել է էթիկայի նորմերը: Պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ունենալ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ ինքը շփվում է իր լիազորությունների կատարման ընթացքում: Այդ իսկ պատճառով մենք որոշում ենք կայացրել, որ Մհեր Սեդրակյանն՝ էթիկայի կանոնների 6.1 կետի Ը ենթակետով պայմանավորված պահանջը՝ այն է, հարգալից վերաբերմունք այն անձանց հետ, որոնց հետ շփվել է, դա խախտել է»,- նշեց հանձնաժողովի նախագահը: