05/05/2016 16:04
Նաիրիտցիները կրկին բողոքում են. Պահանջը՝ վերագործարկել գործարանը
Այսօր կառավարության շենքի մոտ նորից մարդաշատ էր. հավաքվել էին Նաիրիտ գործարանի նախկին աշխատակիցներն, ովքեր պահանջում էին գործարանի վերագործարկում:
Նրանք ցուցապաստառներով և վանկարկումներով պահանջում էին աշխատանքից չազատել գործարանի մոտ 400 աշխատակցի:
Լրագրողների հետ զրույցում գործարանի նախկին աշխատակիցներից Տիգրան Մինասյանն ասաց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ժամանակին խոստանում էր, որ ամեն ինչ անելու է, որպեսզի գործարանը չփակվի, բայց այսօր, արի ու տես, կանգնել են փաստի առաջ. «Գործարանն ուզում են փակել: Եթե այդպիսի նպատակ չեն հետապնդում, բա ինչո՞ւ են 400 աշխատողի նորից ազատում»:
Նա նշեց, որ 2015 թվականի փետրվարի 6-ից գործարանի 2000 և ավելի աշխատողներ ազատվել են աշխատանքից, և ինքը նույնպես կրճատման տակ է ընկել, բայց պայքարելու են, որպեսզի գործարանը չփակվի:
«Մեր աշխատավարձերն ամբողջությամբ մարել են, բայց մենք պահանջելու ենք, որ գործարանը վերագործարկվի: Սա առաջնային պահանջն է: Այնուհետև պահանջելու ենք մեր տույժ-տուգանքները, ինչի համար մեզ ուղղակի ստիպել են պայմանագրեր ստորագրել: Մենք պատրաստ ենք մեր տոկոսներն ուղղարկել սահման՝ մեր զինվորներին, բայց թույլ չենք տալու, որ մեզ թալանեն»,- ասաց նա: