06/05/2016 17:21
Տարիքս ավելանում է ու առանձնապես ուրախանալու առիթ չունեմ. Գուժ Մանուկյանը դարձավ 79 տարեկան
Մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Գուժ Մանուկյանը դարձավ 79 տարեկան: Aysor.am-ը շնորհավորելով բազմավաստակ դերասանին՝ հետաքրքրվեց տոնական օրվա կազմակերպման մասին:
«Ծննդյանս օրվա հետ կապված ես ոչինչ չեմ ձեռնարկում: Ի՞նչ կա ձեռնարկելու, երբ մեկ տարի էլ ես մեծանում: Գոնե ինձ համար՝ սա երջանիկ օր չի, տարիքս ավելանում է ու առանձնապես ուրախանալու առիթ չունեմ: Որքան էլ ասեն, որ երիտասարդ եմ երևում, միևնույն է՝ տարիքն իրենն անում է: Միայն նշեմ, որ վաղը քաղաքից դուրս գնալու հրավերք ունեմ՝ նեղ ընտանեկան միջավայրում եմ անցկացնելու՝ 10-12 հոգուց բաղկացած: Ընդհանրապես, ես մեծ հավաքույթների սիրահար չեմ, նման դեպքերում ոչ կերածիցս եմ բան հասկանում, ոչ խմածիցս: Նեղվում եմ անընդհատ կենացներ խմելուց, մաղթանքներ ասելուց: Ավելի շատ հոգնում, քան թե հաճույք եմ վայելում»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց հոբելյարը:
Դերասանն օրը սկսել է շնորհավորանքներով: Ինչպես նա է ասում՝ առավոտյան ընտանիքի անդամները շնորհավորեցին, համբուրեցին ու իրենց գործերով գնացին՝ նրան թողնելով իր ամենահաճելի զբաղվածության՝ այգեգործության հետ:
Շնորհավորողների թվում է եղել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Բազմաթիվ զանգեր եմ ստացել: Շնորհակալ եմ վարչապետին, որ այս զբաղվածության մեջ ժամանակ գտավ ինձ զանգելու և շնորհավորելու: Մի քիչ էլ զարմացավ, երբ տարիքս ասացի»,-ժպիտով ընդգծեց ժողովրդական արտիստը:
Բեմի վարպետի համար 2017 թվականը հոբելյանական տարի է լինելու: Սովորաբար, վաստակաշատ արտիստների հոբելյանական տարեդարձերը կազմակերպվում են պետական մակարդակով: «Այո, հաջորդ տարի կդառնամ 80 տարեկան, սակայն ես մեծ հույսեր չեմ կապում պետական մասշտաբով կազմակերպելու հետ, ինչպես ասում են՝ տառապանքս փորձ ունի: Սովորաբար, ինձ միշտ մեծ խոստումներ են տալիս, բայց վերջում ոչինչ էլ չի ձեռնարկվում: Այդպես եղավ և իմ 75-ամյակին. ասացին, որ ամեն-ինչ բարձր մակարդակով կազմակերպված է, բայց նույնիսկ Հայրային հեռուստաընկերությունը չանդրադարձավ: Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկն ու մեկի համերգով կարող են հեռուստատեսությունը 2 ժամ զբաղեցնել, իսկ Գուժ Մանուկյանի 75-ամյակն անցավ անշուք: Ոչինչ, ես դրանից բնավ չեմ նեղվում ու չեմ նեղվի: Ինձ համար թանկ ու կարևոր մի բան ունեմ՝ հանդիսատես, ումից շատ շնորհակալ եմ: Գիտեմ, որ վայելում եմ նրանց սերն ու համակրանքը, ինչն ինձ համար մեծ վարձատրություն է»,-խոստովանեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով ցանկություններին՝ Գուժ Մանուկյանն անկեղծացավ. «Ես ամեն առավոտ և երեկո Աստծուն փառք եմ տալիս, խնդրում առողջություն ոչ միայն իմ, այլև ընտանիքիս անդամների, ինձ սիրողների ու հարազատների համար: Թող Աստված ինձ առողջություն տա, որ երկար ապրեմ ոչ թե իմ, այլ հենց իրենց համար: Թող միշտ ոտքով-ձեռքով լինեմ, որպեսզի բեմում և էկրաններին լինեմ: Այ դա եմ մաղթում ինքս ինձ՝ ծննդյանս օրվա կապակցությամբ»: