20/05/2016 17:43
Մաթիաս Քիսլեր. Հայաստանի կառավարությունը մեծ ջանքեր է ներդնում սիրիացի փախստականներին աջակցելու համար
Փախստականները հաճախ որպես բեռ են ընկալվում և ողջունելի է, որ Հայաստանը ընդունել է 15 հազարից ավելի սիրացիների և անում է քայլեր նրանց աջակցելու համար, ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» երկօրյա բիզնես-ֆորումի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսին:
«Գերմանիան մեծ վստահություն ունի, որ այստեղ ապաստան գտած սիրացի փախստականները մոտ ապագայում կկարողանան ինտեգրվել և նորմալ, բնականոն կյանք ունենալ: Մենք տեսնում ենք, որ այս ուղղությամբ Հայաստանի կառավարությունը մեծ ջանքեր է ներդնում», - ասաց դեսպանը:
Քիսլերը շեշտեց, որ տպավորված է, թե ինչպես Հայաստանում հնարավոր եղավ նման արագությամբ այսպիսի օգտավետ ծրագիր սկսել: Նա հույս հայտնեց, որ շուտով սիրիահայերը կհամոզվեն, որ Հայաստանում կա տնտեսական մեծ ներուժ առաջ գնալու համար:
«Փախստականները նաև մեծ ներուժ են հանդիսանում հասարակության համար: Հատկապես նաև սիրիահայ համայքները մեծ առևտրային ավանադույթների են տիրապետում և կարող են այստեղ բերել դա: Խնդիրն այն է, որ օգտագործենք այդ ներուժը», - ասաց գերմանացի դիվանագետը:
Մաթիաս Քիսլերը նշեց, որ Գերմանիան իր հերթին ևս փորձում է այդ մարդկանց արագորեն և նպատակային կերպով օգնություն տրամադրել:
«Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես ֆորումը իրականացվել է «Սիրիացի փախսատականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» («GIZ») երկամյա ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորել է Գերմանիայի կառավարությունը: Ֆորումի նպատակն է խթանել սիրիահայերի շրջանում ձեռներեցությունն եւ մասնագիտական կողմնորոշումը: