23/05/2016 17:11
ԱԱԾ-ն իր աշխատակիցներին արտերկրում վերապատրաստելու համար ծախսել է 244 միլիոն դրամ
ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության պահպանման ծախսերը 2015 թվականի բյուջեով նախատեսվել էր 17 միլիարդ 38 միլիոն դրամ, իսկ ֆինանսավորումը կատարվել է 17 միլիարդ 787 միլիոն դրամ: Ծախսերի կրճատումը պայմանավարված է եղել գնումների ոլոտում գումարների տնտեսումով:
ՀՀ 2015 թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ԿԱ ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը՝ ներկայացնելով ազգային անվտանգության համակարգում կատարված աշխատանքները հայտարարեց, որ այդ գումարը բաշխվել է ընթացիկ ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի միջև:
«Ընթացիկ ծախսերը կազմել են 16 միլիարդ 503 միլիոն դրամ, որից միայն աշխատավարձը կազմել է 13 միլիարդ 135 միլիոն դրամ, իսկ մնացած 3 միլիարդ 367 միլիոնը նյութերի ձեռքբերման, նորոգան և պահպանման շարունակական ծախսերն են եղել: Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 283 միլիոն 729 հազար դրամ: Շենքերի, շինությունների, շինարարության հետ կապված նախատեսվել է 64 միլիոն դրամ, որը ԱԱԾ-ն իրացրել է հայ-իրանական սահմանագատում՝ կառուցելով սպաների համար 4 բնակարան, վերանորոգման հոդվածով նախատեսվել է նաեւ 48 միլիոն դրամ նույն տարածքում վերանորոգում կատարելուն: Դրանով ԱԱԾ-ում սոցիալական հարց են լուծել», - մանրամասնեց նա:
Նրա խոսքով՝ տրանսպորտային սարքավորումներ ձեռքբերելու համար նախատեսված 103 միլիոն դրամով ձեռք է բերվել 14 մարդատար մեքենա, որոնցից յուրաքանչյուրն արժեցել է 7 միլիոնից 7,5 միլիոն դրամ, իսկ դեղորայքի համար նախատեսված 26 միլիոն դրամով աշխատակիցների բուժման նպատակով գնվել է անհրաժեշտ դեղորայքը:
Այս տարի ԱԱԾ-ն իր աշխատակիցներին արտերկրում վերապատրաստելու համար ծախսել է 244 միլիոն դրամ: «Այսքանով մենք պահպանել ենք ԱԱԾ-ի ոլորտի կարիքները, բավարարել ենք աշխատանքը, ապահովել ենք նրանց նյութական մատակարարումով: Հետախուզության, հակահետախուզության հետ կապված՝ բոլոր ոլորտներով ծանրաբեռնված աշխատել ենք», - նշեց Արամ Հակոբյանը: