23/05/2016 14:04
Արմեն Ալավերդյանը, ի տարբերություն վարչապետի, չի հասկանում «ապօրինի մենաշնորհ» ձևակերպումը
Ապօրինի մենաշնորհ հասկացություն չի կարող լինել, Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Երբ լրագրողներն ասացին, որ «ապօրինի մենաշնորհ» ձևակերպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է տվել՝ իր ելույթում, Ա.Ալավերդյանը նշեց. «Ես կարող եմ խոսել մենաշնորհի մասին, բայց ապօրինի մենաշնորհը չեմ հասկանում»:
Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետի համար հասկանալի է, ի՞նչ է «ապօրինի մենաշնորհ» հասկացությունը, իսկ իր համար՝ ոչ, Ա.Ալավերդյանը պատասխանեց. «Մենաշնորհ հասկացությունը կա, բայց ապօրինի մենաշնորը ես բացատրեմ ձեզ, չեմ հասկանում: Եթե մեկը իր ներմուծումների համար վճարումները կատարում է պետական բյուջե, այդտեղ ապօրինությունը ո՞րն է: Եթե տնտեսվարող սուբյեկտը ներմուծում է ապրանք և առանց խախտումների վճարումները կատարում է, այդտեղ ապօրինիույթուններ չկան»:
Ներկայացնելով ապօրինի մենաշնորհի օրինակ՝ լրագրողներից մեկը մատնանշեց շաքարավազի ոլորտը, իսկ ՊԵԿ փոխնախագահը վստահեցրեց, թե շաքարավազը արտադրական նպատակներով ներկրում են տասնյակ կազմակերպություններ, իսկ քաղցրավենիք արտադրող խոշոր ընկերություններն իրենք են ներկրում շաքարավազ:
Հարցին, թե որտեղի՞ց է վարչապետը տեղեկություններ ստացել ապօրինի մենաշնորհների մասին, ՊԵԿ նախագահի տեղակալը պատասխանեց, որ Հ.Աբրահամյանը տարբեր տեղեկատվական հոսքերի է տիրապետում:
«Կառավարությունը տեղեկատվական հոսքերի է տիրապետում, պետական տարբեր մարմիններ կարող են անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել, այդ թվում՝ ՊԵԿ-ը: Այդ կառույցները կարող են մրցունակության, փաստաթղթերի և այլնի մասին լայնածավալ տեղեկատվություն տրամադրել: Այսինքն, վարչապետը մի աղբյուրից չի օգտվում, նա օգտվում է տեղեկատվական բազմազան աղբյուրներից», - ասաց նա: