23/05/2016 13:22
Արմեն Ալավերդյան. Կոռոպցիայի դեմ պայքարը երկար ժամանակ կպահանջի
Կոռոպցիայի դեմ պետք է պայքարել համակարգային, իսկ շոշոփելի արդյունքներ ունենալու համար բավականին երկար ժամանակ կպահանջվի, կարծում է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
«Մենք պետք է անպայման առաջին հերթին գտնենք կոռուպցիայի առաջացման նախապայմաններն ու դրանց պատճառները թվարկենք, հետո տեսնենք դրա ուղղությամբ ինչ է արվել, ինչ է արվում և ինչ պետք է արվի», - ասաց Ա.Ալավերդյանը լրագրողներին խորհրդարանում:
Նրա խոսքով, եթե պետական կառավարման համակարգը սոցիալապես պաշտպանված չէ, իսկ պաշտոնյան չի ստանում այն աշխատավարձը, որը հնարավորություն կտա իրեն անձնական կարիքները բավարարել, կոռուպցիայի ռիսկը միշտ էլ կլինի:
«Սա պատճառներից մեկն է: Ու որքան էլ մենք հայտարարենք, խոսենք, պայքարենք, ոչինչ չի փոխվելու: Այսինքն՝ այս ոլորտում մենք պետք է ավելի հասցեական մոտեցում ցուցաբերենք», - նշեց Ա.Ալավերդյանը:
Լրագրողի դիտարկմանը՝ թե պաշտոնյաներն այսօր միլիոնավոր դոլարներ են հայտարարագրում, դա քի՞չ է, նա հավելեց. «Այդ առիթով մենք պետք է ուրախանանք, քանի որ դա տանում է թափանցիկության: Վատ է այն, որ պաշտոնյան միլիոններ ունի, ու ոչինչ չի հայտարարագրում»:
«Պետությունը պետք է իմանա, թե այդ եկամուտները կոնկրետ ինչի վրա են ծախսվում, քան պահվեն: Պետք է ունենանք համապատասխան բազա: Իսկ երբ պետական պաշտոնյան չի հայտարարագրում, կամ թաքցնում ու խուսափում է դրանից, դա ավելի վտանգավոր է: Ինչ որ պահից հարց է առաջանում, թե այդ եկամուտները որտեղից են առաջանում, իսկ պաշտոնյան պարտավոր է այդ բոլոր հարցերին պատասխանել», - ասաց Ա.Ալավերդյանը:
Նա առաջարկում է խնդիրներից խուսափելու համար այդ հարցը կարգավորել նաև օրենքով:
«Առաջիկայում դա պետք է կարգավորվի, քանի որ այդ հարցը հուզում է բոլորին: Այսինքն՝ կա նաև օրենքի բաց, որը պետք է լրացվի», - ընդգծեց ՊԵԿ նախագահի տեղակալը: