23/05/2016 13:45
Դատելով ու աշխատանքից հեռացնելով կոռուպցիայի դեմ չեն պայքարում. Արմեն Ալավերդյան
Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հանձնարարականներ տրվել են բոլոին, այդ թվում Պետեկամուտների կոմիտեին, ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
«Կան օրենսդրական անհստակություններ, որոնք չեն համապատասխանում իրար և որոնց մեծ մասը պաշտոնյային հնարավորություն են տալիս մեկնաբանություններ ներկայացնել հօգուտ հարկ վճարողի կամ այն սուբյեկտի, որի դիմաց կարողանում է ստանալ որոշակի վարձատրություններ», - Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Ալավերդյանը:
Նրա խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարին պետք է ձգտել ու հասնել:
«Պետք է մտածել ոչ թե սեփական գրպանը հարստացնելու, այլ կոռուպցիայի դեմ պայքարելու մասին: Հիմա պետք է տեսնենք, թե դրա դեմ ինչպես ենք պայքարելու: Մեզ մոտ տպավորությունն այնպիսին է, որ եթե որևէ մեկին դատեն, վարչական պատասխանատվության ենթարկեն, կամ աշխատանքից ազատեն, ապա հարցը կլուծվի, բայց դա այդպես չէ», - ասաց Ա.Ալավերդյանը:
Նա վստահեցրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը միշտ էլ եղել, և այս փուլում դրա մասին հայտարարելն ամենևին էլ պայմանավորված չէ հայրենասիրությամբ կամ քառօրյա պատերազմով:
«Այդ վիճակը կապ չունի պայքարի հետ: Կան աշխատանքային ծրագրեր, որով և մենք իրականցնում ենք աշխատանքը: Այդ ծրագիրը հաստատվել է նաև կառավարությունում: Ծրագրի մեջ կան միջոցառումներ, որոնք այդ ռիսկը պետք է նվազեցնեն: Այսինքն՝ մենք այդ ֆոնը բավականին կկարողանանք փոխել: Այս տարի արդեն այդ ուղղությամբ որոշակիորեն կարողացել ենք սառույցը կոտրել: Օրինակ մենք կարևորում ենք մի քանի գործառույթ, որոնք իրականացվելու դեպքում կունենանք որոշակի արդյունքներ: Մենք գտնում ենք, որ եթե տեսուչներին ավելի քիչ հնարավորություն տանք տնտեսվարողների հետ շփվելու, կոռուպցիան նվազեցնելու հնարավորությունները կմեծանան», - ասաց նա:
Լրագրողի հարցին՝ կարելի՞ է կոռուպցիայի դեմ պայքարը սկսել հենց վարչապետ Հովիկ Աբրահամյանից, Ա.Ալավերդյանն արձագանքեց. «Դուք չե՞ք տեսնում՝ այդ հարցին ես չեմ պատասխանում: Ես հարցը ուզում եմ ոչ թե անձերի մեջ տեսնել, այլ՝ երևույթի»: