23/05/2016 13:38
Յունկեր. Թուրքիան անվիզա ռեժիմ ստանալու համար առանց բացառության պետք է կատարի անհրաժեշտ բոլոր պահանջները
Եվրամիությունը պահանջում է, որ Թուրքիան առանց բացառության կատարի իր քաղաքացիների կարճաժամկետ այցերի համար անվիզա ռեժիմ ստանալու համար անհրաժեշտ բոլոր 72 պահանջները։ Ինչպես հայտնում է «РИАНовости»-ին, այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը
«Մենք հաստատուն ենք մեր դիրքորոշման մեջ, և կարիք չկա դա կրկնել մեր թուրք գործընկերների համար»,- ասել է նա՝ Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների խորհրդարանների խոսնակների կոնֆերանսի ժամանակ։
Թուրքիայի նախագահի խորհրդական Յիգիթ Բուլութն ավելի վաղ հայտնել էր, որ Անկարան կարող է կասեցնել Եվրամիության հետ բոլոր համաձայնագրերը, եթե ԵՄ-ն շարունակի «կրկնակի չափանիշների» քաղաքականությունը։
Մայիսի սկզբին Եվրահանձնաժողովը Եվրախորհրդարանին և Եվրոպայի խորհրդին առաջարկել էր հանել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային սահմանափակումները, եթե Անկարան մինչև հունիսի վերջը կատարի վիզայի չեղարկման համար բոլոր նախապայմանները։ Դրանց թվում են կաշառակերության կանխարգելման միջոցները, Եվրոպոլի հետ օպերատիվ համագործակցության մասին բանակցությունները, ԵՄ անդամ երկրների հետ դատական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենսդրության վերանայումը։