23/05/2016 18:16
Երևանն ակնկալում է խորացնել համագործակցությունը Արևելյան գործընկերության և Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում
Շարժունակության ընդլայնումը շարունակում է մնալ հասարակություններն առավել մերձեցնելու կարևոր նախադրյալներից մեկը, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպմանը:
«Շարժունակության վերաբերյալ վերջերս Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը մեզ թույլ տվեց ամփոփելու ավելի քան երկու տարվա գործունեությունը և գնահատելու ապագա առաջնահերթությունները», - նշել է նա:
«Ե՛վ Հայաստանը, և՛ Եվրոպական միությունը Հետընդունման և Մուտքի արտոնագրի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերի իրականացումը հիմնականում հաջողված են դիտարկում: Մենք կարևորում ենք մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությունը: Քաջ գիտակցելով, որ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը համապարփակ գործընթաց է` մենք այն նաև որպես լրացուցիչ խթան ենք դիտարկում` մի շարք ոլորտներում բարեփոխումները և ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ», - հայտարարել է Է.Նալբանդյանը:
Նա նաև նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԵՄ հետ մարդու իրավունքների շուրջ արդյունավետ երկխոսության մեջ և առանձնահատուկ կարևորություն է տալիս արդյունավետ կառավարման ամրապնդման, դատական, հակակոռուպցիոն բարեփոխումներում համագործակցության խորացմանը:
«Այս նպատակով մենք սերտորեն աշխատում ենք նաև այլ միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի: Երկու օր առաջ մենք մեկնարկեցինք 2015-2018թթ. Գործողությունների ծրագիրը, որն իրականացվելու է նաև ԵՄ աջակցությամբ: Հայաստանը ակտիվորեն համագործակցում է խորհրդարանական ձևաչափով՝ Եվրանեսթի և Խորհրդարանական համագործակցության կոմիտեի շրջանակներում, ինչպես նաև՝ տեղական իշխանությունների մակարդակով», - ասել է ՀՀ արտգործնախարարը:
«Հայաստանն ակնկալում է բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով զարգացնել ու խորացնել համապարփակ համագործակցությունը և՛ Արևելյան գործընկերության, և՛ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում` հիմնվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա և պատշաճ կերպով նկատի ունենալով այլ ինտեգրացիոն ձևաչափերում մեր հանձնառությունները», - հայտարարել է նախարարը: