23/05/2016 15:00
Բրազիլիայում պահանջում են նախագահի պաշտոնակատար Թեմերի հրաժարականը
Բրազիլիայում պաշտոնից հեռացված նախագահ Դիլմա Ռուսեֆի հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել Սան Պաուլոյի և Ռիո դե Ժանեյրոյի փողոցներ` արգելափակելով երթևեկությունը: Ինչպես հայտնում է «Корреспондент»-ը, բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհ են նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միշել Թեմերի գործողություններից:
Թեմերի հրաժարականը պահանջող ակտիվիստները մոտեցել են Սան Պաուլոյում գտնվող նրա նստավայրին։ Անձամբ նախկին փոխնախագահը մի քանի ժամ շուտ լքել էր իր նստավայրը` մեկնելով մայրաքաղաք:
Սան Պաուլոյում ակցիայի մասնակիցների թիվը գնահատվել է 2000, Ռիոյում՝ մոտ 1000 մարդ:
Կառավարությունը խոստացել է վերականգնել Մշակույթի նախարարությունը, որը Թեմերը պատրաստվում էր միավորել Կրթության նախարարության հետ: Այդ նախագիծն առաջացրել էր մշակույթի գործիչների ծայրահեղ բացասական արձագանքը:
Բացի այդ, Թեմերին քննադատում են նրա համար, որ նա ժամանակավոր կառավարությունը ձևավորել է միայն սպիտակամորթ տղամարդկանցից: