23/05/2016 18:03
Նալբանդյան. Արևելյան գործընկերությունը նպաստում է ժողովրդավարության ամրապնդմանը
Արևելյան գործընկերությունը նպաստում է ժողովրդավարության ամրապնդմանը, շուկայական տնտեսությանը, բարելավում է մակրոտնտեսական կայունությունն ու գործարար միջավայրը, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպմանը:
Նրա խոսքով, Հայաստանը ակտիվորեն իրականացնում է Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի դրույթները, ներառյալ նրանք, որոնք վերաբերում են ոլորտային համագործակցությանը:
«Փոքր և միջին ձեռնարկությունների «COSME» ծրագրին Հայաստանի մասնակցության մասին համաձայնագիրը ստորագրվեց անցյալ տարի: Մի քանի օր առաջ Հայաստանը միացավ «Հորիզոն 2020» հետազոտությունների և նորարարության հանրային ֆինանսավորման ծրագրին, որը կընդլայնի Հայաստան-ԵՄ համագործակցությունը գիտական և նորարարական կարողությունների զարգացման ոլորտում: Տրանսպորտի ասպարեզում համագործակցության զարգացումը նույնպես մեր օրակարգում է, և մենք ակնկալում ենք հնարավորինս շուտ սկսել Միասնական օդային տարածքի ձևավորման շուրջ բանակցությունները», - նշել է նախարարը:
Է.Նալբանդյանի խոսքով, հայ ուսանողները ակտիվորեն օգտվում են «Erasmus+»-ից:
«Մենք ակնկալում ենք ընդլայնել համագործակցությունը՝ միտված Բոլոնիայի գործընթացի համար համապատասխան կարողությունների ամրապնդմանը: Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովը, որն անցյալ տարի անցկացվեց Երևանում, լավ հնարավորություն ընձեռեց այս ուղղությամբ հետագա քայլերի համար: Մենք նաև սկսել ենք քննարկումները՝ Ստեղծագործ Եվրոպա ծրագրին միանալու շուրջ, որն առաջարկում է առավել լայն շրջանակ՝ մշակութային փոխանակությունների համար», - ասել է ՀՀ արտգործնախարարը:
Նա նաև նշել է, որ Հայաստանը գնահատում է գյուղատնտեսական և գյուղի զարգացման ոլորտին ուղղված ԵՄ աջակցությունը և ակնկալում է առավել լայն համագործակցություն՝ գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ոլորտում արդիականացման և հետագա բարեփոխումների խթանման հարցում, ներառյալ՝ «ENPARD» ծրագրերի շրջանակներում: