23/05/2016 20:04
ՀՀ ԱԳՆ. ԵՄ-ի հետ քննարկվում է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հարցը
Հայաստանը ակտիվորեն շարունակում է համագործակցությունը Եվրոպական միության հետ, Բրյուսելում կայացած Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Արդեն կայացել է հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների երեք փուլ։ Խորանում է փոխգործակցությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման, նաև՝ ոլորտային համագործակցության՝ գիտության, կրթության, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, առողջապահության, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում. մենք միացանք «Հորիզոն 2020» և «COSME» ծրագրերին», - ասաց Նալբանդյանը:
Նա ընդգծեց՝ շարունակվում է շարժունակության բնագավառում համագործակցությունը:
«Մենք քննարկում ենք մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցը։ Ակտիվ են շփումները խորհրդարանական, տեղական իշխանությունների ձևաչափերով», - ամփոփել է նախարարը: